«Այնպիսի կոնֆլիկտներ, ինչպիսին Ղարաբաղյանն է, 2-3 տարում չեն լուծվում, դրանք ձգվում են սերունդներով» Ալեքսանդր Իսկանդարյան

Ալեքսանդր ԻսկանդարյանՂարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ոչ մի փոփոխություն չի սպասվում: Միսկի խմբի հիմնական խնդիրը այս փուլում բանակցային գործընթացի պահպանումն է, ինչն էլ ստատուս-քվոյի պահպանման ձևաչափերից մեկն է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ղարաբաղյան հարցի կարգավորումից` ասաց Կովկաս ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Անդրադառնալով վերջին շրջանում շփման գծում ստեղծված լարվածությանը` քաղաքագետը նշեց, որ սադրանքները իրականացվում են Բաքվի ուղիղ հրամանով: Ադրբեջանական կողմը նման քայլերի գնալու հստակ դրդապատճառ ունի, և դա անկասկած լարվածության պահպանումն է:

«Ես գրեթե ի սպառ բացառում եմ պատերազմի վերսկսման հնարավորությունը: Պատերազմի վերսկսման համար անհրաժեշտ է վերսկսող կողմը ցանկալի է 80, իսկ ամենաքիչը 50-60 %-ով վստահ լինի իր իրական հաղթանակին: Ղարաբաղում նման հավանականությունը կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում բացառվում է»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքով` ղարաբաղյան հարցը կշարունակի մնալ անլուծելի, այդպիսի կոնֆլիկտները չեն լուծվում 2-3 տարում, դրանք ձգվում են սերունդներով:

Անդրադառնալով այն մշտապես հավասար գնահատականներին, որ Մինսկի խմբի համանախագահների կողմից հնչում է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերում, քաղաքագետը նշեց, որ դա բնական գործընթաց է:

«Մինսկի խմբի համանախագահների նպատակը Մովսես Առաքյալ լինելն ու ճիշտը ասելը չէ: Նրանց նպատակը գործընթացի շարունակականության ապահովումն է»- ամփոփեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

 Անկախ

Tags: , , ,