Սեպտեմբերին կբացվի Կոմիտասի թանգարան-ինստիտուտը

հասմիկ պողոսյան2014-ի սեպտեմբերին Երևանի Կոմիտասի անվան զբոսայգի-պանթեոնի հարևանությամբ կբացվի Կոմիտասի թանգարան-ինստիտուտը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով մշակույթի ոլորտի 2014-ի գերակա ուղղություններից` հայտարարեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Թանգարան-ինստիտուտն ունենալու է թանգարանային մաս, գիտահետազոտական կենտրոն, համերգային դահլիճ, երաժշտական ստուդիա, գրադարան և հրատարակչություն: Թանգարան-ինստիտուտը կառուցվում է զբոսայգում գտնվող նախկին Մշակույթի պալատի տեղում, որը անհատույց օգտագործման իրավունքով ՀՀ կառավարությանն է տրամադրել «Հայաստան համահայկական հիմնադրամը»՝ իր հոգաբարձուների խորհրդի մայիսին կայացած որոշմամբ: Նախարարը նշեց, որ թանգարան-ինստիտուտի կառուցապատման ծախսերը հոգում է «Փյունիկ» հիմնադրամը՝ սիրիահայ բարերար Գաբրիել Ջեմբերջյանի աջակցությամբ: Ճարտարապետը Արթուր Մեսչյանն է:

«Այս տարի լրանում է Կոմիտասի 145-ամյակը, որը մեծ շուքով նշելու ենք սեպտեմբերին: Այդ ժամանակ էլ կբացվի նաև Կոմիտասի թանգարան-ինստիտուտը»,- ասաց Հասմիկ Պողոսյանը` հույս հայտնելով, որ թանգարան-ինստիտուտը կդառնա սիրված մշակութային օջախ:

Նշենք, որ Կոմիտասի 145-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում կկազմակերպվի երգչախմբային արվեստի գիտական միջազգային կոնֆերանս և փառատոն, կիրականացվեն խմբերգային նոր ծրագրեր:

 Անկախ

Tags: ,