Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնը Արմեն Մազմանյանի մահից հետո դեռ թափուր է մնացել: Իսկ նոր ռեկտորի հարցը դեռևս չի քննարկվել: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նկատեց, որ ռեկտորի պաշտոնի հնարավոր թեկնածուների անունները հայտնվեցին շատ ավելի վաղ, քան սպասելի էր:
«Նոր ռեկտորի հավանական թեկնածուների մասին սկսեցին խոսել դեռ այն ժամանակ, երբ նույնիսկ հողին չէր հանձնվել Արմեն Մազմանյանի դին: Պետք է մի քիչ բարոյական լինել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նախարարը:
Վերադառնալով նոր ռեկտորի ընտրության հարցին` Հասմիկ Պողոսյանը տեղեկացրեց, որ լինելու են օրինական ընտրություններ, բոլոր ցանկացողները կարող են մասնակցել և պայքարել ռեկտորի պաշտոնի համար։
«Արմեն Մազմանյանի` ռեկտորի պաշտոնում աշխատած ամիսներն այսօր այլ կերպ են մեկնաբանվում: Կարծում եմ, որ ինստիտուտն այդ ամիսների ընթացքում լուրջ փոփոխություններ է գրանցել: Այն ուղենիշը, որը սահմանվեց Արմեն Մազմանյան ռեկտորի օրոք, ինստիտուտի հաջորդ ղեկավարները ևս պետք է շարունակեն»,- ասաց Հասմիկ Պողոսյանը:
Tags: Արմեն Մազմանյան, Հասմիկ Պողոսյան, ռեկտոր