«Տոսկա» արվեստի անկրկնելի գլուխգործոցը Արամ Խաչատրյան համերգասրահում

հասմիկ պապյանՀայաստանի Պետական Ֆիլհարմոնիկ նվագախումբը Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ 2014թ. իր համերգային ծրագրի մեկնարկը կազդարարի օպերայի կատարմամբ. փետրվարի 11-ին և 13-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կհնչի համաշխարհային օպերային արվեստի անկրկնելի գլուխգործոցներից մեկի`  Ջակոմո Պուչինիի անմահ «Տոսկա» օպերայի համերգային կատարումը:

Ավելի քան 40 տարի Հայաստանում չներկայացված այս ստեղծագործությունը Երևանի դասական բեմահարթակ կվերադառնա աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանի գլխավոր դերակատարությամբ (Տոսկա): Մյուս գլխավոր դերերգերում հանդես կգան անվանի երգիչներ Հովհաննես Այվազյանը (տենոր, Կավարադոսիի դերում), Դավիթ Բաբայանցը (բարիտոն, Սկարպիայի դերում) և Հրանտ Պապյանը (բաս, Անջելոտիի դերում): Մաեստրո Թոփչյանի ղեկավարությամբ Ֆիլհամոնիկի հետ բեմում կլինեն նաև «Հովեր» պետական կամերային (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սոնա Հովհաննիսյան)  և «Սպեղանի» մանկական երգչախմբերը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` Սարինե Ավթանդիլյան):

Փետրվարի 19-ին Ֆիլհարմոնիկ նվագախումբը հատուկ համերգով հարգանքի տուրք կմատուցի մեր ժամանակների մեծագույն դիրիժորներից մեկի` Կլաուդիո Աբբադոյի հիշատակին: Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ Հայաստանի ֆիլհարմոնիկը կներկայացնի Վերդիի «Ռեքվիեմ»-ը (մասնակցությամբ` Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի, ՀՀ Ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանի,  Հրաչուհի Բազենցի (Գերմանիա),  Նարինե Անանիկյանի և  Լիպարիտ Ավետիսյանի):

Ֆիլհարմոնիկի փետրվարյան ծրագիրը Երևան կհրավիրի գերմանացի անվանի դիրիժոր Իսրայել Յինոնին, ում դիրիժորական փայտիկի ներքո փետրվարի 28-ին նվագախումբը Անուշ Նիկողոսյանի մենակատարությամբ կներկայացնի  գերմանացի ժամանակակից կոմպոզիտոր Հանս-Պետեր Դոթի Ջութակի կոնցերտի համաշխարհային պրեմիերան:

 

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Tags: , , ,