«Ճանապարհային ոստիկանները հաճախ կեղծում են մեքենայի արագությունը». Էդուարդ Հովհաննիսյան

Էդուարդ ՀովհաննիսյանԱվտովարորդների կողմից տրվող դիմում-բողոքների և դրանց շուրջ ծավալվող  դատական գործերի մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց  «Աքիլես» ավտովարորդների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: Նրա խոսքով` ճանապարհային ոստիկանները շատ հաճախ կարողանում են կեղծել մեքենայի արագությունը: «Երբեմն վարորդը վստահ է լինում, որ չի գերազանցել թույլատրելի արագությունը, իսկ ոստիկանը նրան ցույց է տալիս սարքի գրանցած թիվը, որը շփոթության մեջ է գցում անգամ վարորդին: Երբ վարորդը չի տիրապետում կանոններին, չի կարող իրեն պաշտպանել, բայց, պետք է նկատել, որ նախորդ տարիների հետ համեմատած փոխվել է իրավիճակը: Դրան մեծապես նպաստում է տեսախցիկների առկայությունը, որ վարորդներն ավելի զգոն լինեն և հետևեն կանոններին»,- ասաց Էդուարդ Հովհաննիսյանը:

Ըստ բանախոսի` նման խնդիրներից խուսափելու համար կա միայն մեկ լուծում. վարորդները չպետք է հրաժարվեն ստորագրել ոստիկանի ներկայացրած թղթերը: Եթե նրանք վստահ են, որ խախտում չեն կատարել, բայց ոստիկանը խախտում է գրանցել, պետք է պահանջեն գործին կցել նաև տեսագրությունը:

«Նման կերպ հնարավոր է շահել դատական այն գործերը, որտեղ ոստիկանը խախտում է գրանցել, բայց չի ցանկանում ներկայացնել տեսագրություն` ասելով, որ այն ջնջվել է»,- ասաց նա:

Էդուարդ Հովհաննիսյանը նաև նշեց, որ մարդիկ կան, որ տարիներ առաջ լիազորագրերով վաճառել են իրենց մեքենաները, բայց դեռ նրանց վրա տուգանքներ են գալիս, ինչը ևս մտահոգում է վարորդներին:

«Տաքսու վարորդները, օրինակ, բողոքում են, որ դիմում են ապահովագրական ընկերություններին, սակայն իրենց չեն ապահովագրում: Մենք հորդորում ենք վարորդներին, որպեսզի բողոքների դեպքում մեզ ոչ թե ուղղակի ահազանգեն, այլ դիմեն գրավոր, որպեսզի մենք կարողանանք գործին ընթացք տալ»,- ասաց բանախոսը` հավելելով, որ դատական գործերի մեծ մասը իրենք շահում են:

Անկախ

Tags: , , ,