«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում միայն իրավական երաշխիքները բավարար չեն». Հովհաննես Մարգարյան

հովհաննես մարգարյան«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի շուրջ պետք է լրացուցիչ երաշխիքներ ամրագրել, միայն իրավական երաշխիքները բավարար չեն: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը,  միևնույն ժամանակ դժվարացավ ասել` ինչ որոշում կկայացնի Սահմանադրական դատարանը օրենքի վերաբերերյալ:

«Իրավական երաշխիքները բավարար չեն: Իրավական կարգավորման խնդիր ունենք հենց երաշխիքների հարցում, չէ՞ որ քաղաքացիներն արդարացի օրինակ են բերում, թե ի՞նչ տեղի ունեցավ 1990-աններին իրենց ավանդների հետ: Մենք լուրջ և խորապես պետք է քննարկենք այդ օրենքը, պետք է հստակեցնենք մեր մոտեցումները: Որքանո՞վ էր ճիշտ պահումները սկսել 5, այլ ոչ 2%-ից»,- ասաց Հովհաննես Մարգարյանը, ով, ի դեպ, կողմ է քվեարկել համակարգի ներդրմանը:
Անդրադառնալով դեռ 2004-ից օրենքի շուրջ ծավալված քննարկումներին՝ Հովհաննես Մարգարյանը նշեց, որ այդ ժամանակվանից մինչ այսօր մի շարք փոփոխություններ են կատարվել, բայց կիրառության մեջ օրենքը տարբեր խնդիրներ է առաջացնում: Իսկ իշխանությունների նկատմամբ միշտ էլ վստահության պակաս եղել է և այսօր էլ կա:

«Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է հետևողականություն չցուցաբերենք այդ վստահությունն ավելացնելու համար: Այսօր ոչ թե կենցաղային վստահության խնդիր է, այլ ավելի խորն է գնացել»,-ասաց նա:

Վերհիշելով ԽՍՀՄ տարիների ավանդները՝ պատգամավորը նշեց, որ ի տարբերություն ԽՍՀՄ ավանդների, այսօր ուզում են ներդնել կուտակային համակարգ պարտադիր բաղադրիչով:

«Անկախ Հայաստանում իրավահաջորդ չկար, ով ԽՍՀՄ ավանդների պարտքերին տեր կկանգներ: Այս դեպքում էլ 40 տարի հետո ես չգիտեմ` ի՞նչ իրավական կարգավիճակ կունենա իմ երկիրը կամ արդյո՞ք այն պատրաստ է ֆորս-մաժորային իրավիճակների դեպքում ունենալ բավարար իրավական հիմքեր և տեր կանգնել իմ գումարներին»,- ասաց նա:

Հարցին` ինչպես վարվել այն գործատուների հետ, որոնք, այդուհանդերձ, պահումներ են անում, Հովհաննես Մարգարյանը պատասխանեց. «Մի բան պարզ է, չվճարած գումարների դիմաց որևէ մեկին չեն տուգանելու»:

 Անկախ

Tags: , , ,