Պարզվում է` Սայաթ-Նովա 10 շենքի բակում` նախկին կաթսայատան տեղում կառուցվող բազմաֆունկցիոնալ շինության հովանավորները ՀՀ նախագահի եղբայր Սաշիկ Սարգսյանը և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն են: Այդ մասին պարզել են շենքի բնակիչները : Նրանք նաև պարզել են, որ շինարարությունն իրականացնող ընկերության` «Լարկո Գրուպ»-ի գրանցված նախագահի անունը` ամերիկաբնակ Աբել Հախվերդյան:
«Մենք լրիվ «անտեր» վիճակում ենք, ոչ ոք չի այցելում շենքերի բակեր`ծանոթանալու խնդրին: Վերջին անգամ Քաղաքապետարանի քաղաքաշինության վարչությունից են բնակիչների ահազանգով եկել, բայց վստահեցրել են, որ շինարարությունն իրականացվում է օրենքով, իսկ փորձաքննությունների կարիք չկա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Ալբերտ Կանդալյանը` հավելելով, որ, թեև պայքարը քաղաքական չէ, սակայն սկզբում իրենց կողքին էին նաև տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, բայց հիմա նրանք էլ չկան:
Վարչական դատարան դիմելուց անցել է արդեն երկու ամիս, բայց դատարանից նույնիսկ չեն տեղեկացրել` բնակիչները հայցը վարույթ ընդունվե՞լ է, թե՞ ոչ: Բնակիչները պատրաստ են հասնել մինչև Եվրադատարան: Դիմելու են և պարտավորեցնեն կառուցապատողին սեփական ձեռքերով քանդել այդ շինությունը;
Բնակիչների խոսքով` կառուցվող ապօրինի շինությունն ուղակիորեն ազդում է հարակից շենքերի սեյսմակայունության վրա: Բակում լարվածությունը գնալով նորանոր երանգներ է ստանում: «Փողոցը փլվեց, մարդ չեկավ, բնակարանների պատերը ճաքեր տվեցին, դարձյալ մարդ չեկավ»,- ասացին բնակիչները:
Tags: Սայաթ-Նովա 10, Վարչական դատարան