« «Գազպրոմ Արմենիային» պետք է դատի տալ` հատուկ սարքով գազի որակը գցելու համար» Վահան Մարտիրոսյան

Վահան Մարտիրոսյան«Ներազգային ազատագրական շարժման» հիմնադիր Վահան Մարտիրոսյանը պատրաստվում է դատի տալ «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը՝ գազի վատ որակի համար: Նրա խոսքով` նոյեմբեր-դեկտեմբերին տեղեկութուններ են ստացել գազի վատ որակի մասին: Ապա հետևողական աշխատանքներ են տարել, գտել են այն մարդուն, ով ցանկություն է հայտնել իրենց աջակցել: Պարզվել է, որ «Գազպրոմը» ձեռք է բերել մի սարք, որի միջոցով մեթանի հետ ազոտն են խառնում և գցում գազի որակը:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վահան Մարտիրոսյանը նշեց, որ իրենց տվյալների համաձայն «Գազպրոմ  Արմենիան» արդեն ունի 3 նման սարք, որոնցից յուրաքանչյուրի արժեքը 350 000  դոլար է:

«Հաստատուն փաստերի դեպքում, առանց հապաղելու, մենք անմիջապես կդիմենք դատարան, իսկ հիմա գործի արդյունավետության համար հորդորում ենք, որ մեզ միանան բոլոր այն կազմակերպություններն ու անհատները, որոնք դժգոհ են գազի որակից»,- ասաց բանախոսը:

Նրա խոսքով`Հայաստանում գոյություն ունի 2 լաբորատորիա, որտեղ կարելի է ստուգել գազի որակը, բայց երկուսն էլ պատկանում է «Գազպրոմին»:

«Ես առաջարկել եմ Իրանից հրավիրել անկախ փորձագետների, ովքեր իրենց սարքավորումներով ստուգումներ կիրականացնեն: Իրենք հրաժարվել են, մեզ են հրավիրել` իրենց սարքավորումներով, իրենց լաբորատորիայում ստուգելու»,- ասաց Վահան Մարտիրոսյանը` առաջարկելով կոլեկտիվ հայտով դիմել դատարան` հաջողության հասնելու համար:

Անկախ

Tags: ,