Լարված մթնոլորտ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում. տնօրենն ու փոխնախարարը ժողով են անցկացրել դժգոհ աշխատակիցների հետ (լրացված)

օպերա

Քիչ առաջ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը մի խումբ լրագրողների հետ ճեպազրույցում պարզաբանեց, թե այսօր ինչ ժողով է եղել և ինչ հարցեր են քննարկվել` կապված երեկ թատրոնի արտիստների կողմից իրականացված բողոքի ակցիայի հետ:

Նրա խոսքով` կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքը զայրացրել է երիտասարդությանը, իսկ իրենց թատրոնում մեծ քանակ են կազմում երիտասարդները (200-ից ավելի արտիստներ`միայն ստեղծագործական կոլեկտիվներում):

Տնօրենը հայտնեց, որ չնայած երիտասարդները բորբոքված են, իրենք ժողովի ընթացքում բացատրական աշխատանքներ են կատարել` ասելով, որ իրենց գումարները պահվել են, բայց ոչ մի տեղ չեն փոխանցվել, պարզապես սպասում են Սահմանադրական դատարանի մարտի 28-ի որոշմանը. “Այդ գումարները էլի մերն են, Սահմանադրական դատարանը ինչպես կորոշի, մենք այդպես էլ կվարվենք,-ասաց Հովհաննիսյանը` նշելով, որ այդտեղ որևէ հակասահմանադրական բան չկա,-եթե մարտի 28-ին որոշվի, որ դա պարտադիր է, մի մարդուց երեք ամսվա գումար պետք է պահվի, էն ժամանակ ավելի զգալի կլինի, քան հիմա: Իսկ եթե Սահմանադրական դատարանը հակառակը կորոշի, այդ գումարները թատրոնում են, անմիջապես հաջորդ օրը բոլորն իրենց գումարները կստանան”:

Ինչ վերաբերում է ընդհանրապես աշխատողների աշխատավարձերին, տնօրենի խոսքով` իրենք խոստացել են աշխատավարձերը բարձրացնել և հունվարի 1-ից 20 տոկոսով բարձրացրել են. “Բայց աշխատողները չեն ստացել, կստանան փետրվարի աշխատավարձի հետ միասին: Դա մի քիչ աշխատատար աշխատանք է, թատրոնում կան կատեգորիաներ, ամեն կարգն ըստ իր չափի պետք է բարձրանա, պետք էր հաշվարկներ անել, և ուղղակի հնարավոր չէր հունվարին վերջացնել”

Տնօրենը նաև նշեց, որ փետրվարի 23-ին “Անուշը” կներկայացվի հանրությանը, և այն մարդիկ, որոնք տոմս էին գնել երեկվա համար, կարող են այդ օրը մասնակցել:

Ի դեպ, Կամո Հովհաննիսյանը նկատեց, որ իր կարծիքով` թատրոնի արտիստների երեկվա քայլը արտիստին վայել չէր: “Ամեն մարդ պետք է իր կարծիքը հայտնի, բայց հանդիսատեսը չպետք է տուժի դրանից”,-ասաց նա:

Մեր դիտարկմանը, որ հանդիսատեսը ողջունել է այդ քայլը, Հովհաննիսյանը գլխով համաձայնեց:

“Ես նորություն ասած չեմ լինի, որ մեր հանրապետությունում կա սոցիալական հարց, աշխատավարձերի պակաս լինելու հարց, դա կա, իսկ ես իմ կոլեկտիվի հետ եմ, պետք է իրար հետ լինենք”,-նշեց նա նա:

Թատրոնի ներսում տիրող իրավիճակը տնօրենը կեսկատակ կեսլուրջ որակեց թույլից չափավոր. “Աշխատում ենք իրավիճակը կայունացնել, որովհետև երիտասարդության մեծ քանակ կա մեզ մոտ, և նրանց հետ բացատրական աշխատանքներ է պետք տանել, տեսնենք ինչ կստացվի”:

Կամո Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք նաև, թե որպես ՀՀ քաղաքացի ինչ կարծիք ունի կենսաթոշակային նոր համակարգի վերաբերյալ: Նա ասաց, որ եթե համակարգն իր վրա տարածվեր, ապա մեծ հաճույքով կօգտվեր դրանից: Նա բերեց երջանկահիշատակ Օհան Դուրյանի օրինակը` պատմելով, որ երբ վատ տարիներին Հայաստանում երկու-երեք ամսով աշխատավարձերն ուշացնում էին, մաեստրոն Ֆրանսիայից չորս հազար դոլար թոշակ էր ստանում` իր կյանքի ընթացքում կուտակած լինելով: Կամո Հովհաննիսյանը հավատում է, որ Հայաստանում նույնպես դա կաշխատի` թեկուզ 30 տարի անց:

Հիշեցնենք, որ այսօր կեսօրին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մուտքի մոտ մի քանի ժամ շարունակ մի խումբ լրագրողներ` այդ թվում “Անկախ”-ի թղթակիցը, փորձում էին պարզել, թե ինչ է կատարվում ներսում:

Բանն այն է, որ թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյաի և մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի մասնակցությամբ ներսում ժողով էր ընթանում: Սկզբում թատրոնի շենքից դուրս եկող աշխատակիցներն արագ անցնում են` որևէ հարցի չպատասխանելով: Մի երիտասարդ աշխատակից էլ  զայրացած դուրս եկավ`  լրագրողներին ասելով` արդեն ուշացել եք, և հեռացավ:

Ակնհայտ էր, որ ներսում ժողովը բուռն է, սակայն հայտնի չէր, թե ինչ է մասնավորապես քննարկվել:

Հետաքրքիրն այն է, որ երեկ ակցիային բուռն կերպով իրենց իրավունքները պաշտպանող արտիստներն այսօր խոսքները մեկ արած չէին պատասխանում լրագրողների հարցերին և կարծես փախչում էին տեսախցիկներից ու ձայնագրիչներից:

Կցկտուր խոսքերից պարզ դարձավ միայն, որ քննարկմանը խոստացել են լուծել նրանց աշխատավարձերի բարձրացման հարցը: Ինչ վերաբերում է կենսաթոշակային պահումներին, ապա երիտասարդներից մեկի խոսքով` պայքարը շարունակվելու է, և իրենք բոլորը ստորագրելու են: Հարցին, թե ինչ են ստորագրելու, նա այդպես էլ չպարզաբանեց:

Շենքից դուրս եկողների մի մասն էլ նշում էր, որ իրենց խնդիրները լուծելու են ներսում, և որ դա իրենց ներքին խոհանոցն է: Այնուամենայնիվ, եղան մարդիկ, որոնք նշեցին, որ պետք է պայքարեն իրենց խնդիրների լուծում տալու համար, քանի որ ժողովի ընթացքում հնչած խոստումներն իրենց չեն բավարարել:

Քիչ անց շենքից դուրս եկավ նաև Օպերայի և բալետի ազգային ակադեմիայի թատրոնի գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը: Նրա խոսքով` մեր օպերայի և ընդհանրապես արվեստի խնդիրներով շատ անհանգստացած են և ամեն ինչ պետք է անեն, որ բոլորը գոհ լինեն` միաժամանակ նշելով, որ առայժմ որևէ կոնկրետ լուծում չկա: “Ես հավատում եմ, որ ամեն իչ լավ է լինելու,-ասաց Խառատյանը,- բա ինչի համար ենք աշխատում, ինչի համար ենք 8 ժամ մարզում էս մարդկանց, որ բալետի որակը բարձրանա, որովհետև էսօր ազգի դեմքը էս արվեստն է”:

Անկախ-ի տեղեկություններով` աշխատավարձերի հարցը թատրոնում բարձրացել է դեռևս նախորդ տարի: Ըստ մեր աղբյուրի` բարձրացում եղել է, սակայն չի հասել աշխատողին,և  աշխատակիցները երեկ հասկանալով, որ կրկին խոստացված բարձր աշխատավարձի փոխարեն ստացել են դեռ մի բան էլ պահումներով աշխատավարձ, ներկայացումից մոտ մեկ ժամ առաջ միավորվել են և որոշել բոյկոտել այն` հրաժարվելով մասնակցել ներկայացմանը, ինչի հետևանքով «Անուշ» օպերայի ներկայացումը երեկ ձախողվել էր:

Հարցին, թե այն երբ է բեմադրվելու, մասնակիցներից ոչ ոք հստակ պատասխան չտվեց:

Այդպես էլ որևէ հստակ տեղեկատվություն չստանալով տեղի ունեցող ժողովի, ինչպես նաև թատրոնի ղեկավարության և աշխատակիցների հետագա անելիքների մասին` լրագրողները պահանջեցին, որպեսզի թատրոնի ղեկավարությունը հանդես գա պաշտոնական հաղորդագրությամբ կամ ճեպազրույցով և ներկայացնի ժողովի ընթացքում բարձրացված հարցերն ու արդյունքները:

 

Անկախ

 

Tags: , ,