Գյումրին 5 մլն կտա 3 միլիարդանոց հիմնադրամին

ավագանու նիստ,Գյումրի Գյումրու ավագանին այսօր գումարեց տարվա առաջին նիստը:Օրակարգի մի քանի հարցեր վերաբերում էին մի շարք կազմակերպությունների և սոցիալապես անապահով ընտանիքների դրամական նվիրատվություններ կատարելուն: Նիստում բուռն քննարկման առարկա դարձավ «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ-ին դրամական նվիրատվություն կատարելու մասին հարցը:

- Սկսած 2005 թվականից Գյումրիում անց է կացվել մշակութային փառատոն՝ «Վերածնունդ» անունով: Եվ այդ փառատոնը մեծ օգուտ է տվել մեր քաղաքին, դարձել է միջազգային փառատոն, մեր առևտրի շրջանառությունն է կարգավորում, հյուրանոցները… Դիմել են քաղաքապետին խնդրանքով, որպեսզի մենք օգնություն տանք իրենց միջացառումը սկսելու նպատակով: Ծախսերը շատ են, բայց մենք գտնում ենք, որ մեր բյուջեից ընդամենը կարող ենք տրամադրել, որպես մշակութային նպաստ, ընդամենը 5 մլն դրամ, – ավագանու նիստում զեկուցեց քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ Լենա Ջիլավյանը:
- Արդյո՞ք հայտնի է Ձեզ, – դիմելով զեկուցողին հարցրեց ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը, – «Վերածնունդ» միջազգային փառատոն ՀԿ ղեկավարը և այստեղ նշված բյուջեի հանրագումարիք քացվածքն արդյո՞ք տրամադրել են քաղաքապետարանին. ընդհանուր թիվը կա 197 մլն 350 հազար դրամ:
- Ինձ բոլորովին չի հուզել ղեկավարն ով է: Նախագիծը գրելու ժամանակ ես մտածել եմ, որ մեր քաղաքի համար խիստ անհրաժեշտ և խիստ կարևոր միջոցառում է և ով ուզում է լինի «Փյունիկի» ղեկավարը, դա կարևոր չէ: Եվ նպատակահարմար ենք գտնում, որ քաղաքապետարանը պետք է անպայման սատարի այդ միջոցառմանը: Ձեր ասած բյուջեի քանակն էլ մեզ հետաքրքիր չէ, թե ինչ են անում: Մեզ ընդամենը հետաքրքիր է, թե մեր տված 5 մլն-ն իրենք ինչ են անելու, դրա համար մեզ ներկայացնելու են նախահաշիվ, իսկ վերջում՝ հաշվետվություն, թե ինչ են արել, – մեկնաբանեց ֆինբաժնի պետը:
Ի տարբերություն Լևոն Բարսեղյանի, ավագանու մյուս անդամները կողմ էին Գյումրու փոքր բյուջեից 5 մլն դրամ նվիրաբերել ՀՀ նախագահի եղբոր հիմնադրամին:
- Ես ճիշտ քայլ եմ համարում, որ մեր քաղաքի բրենդը կայանալու համար ևս մի նոր լավ բան է արվում: Իմ կարծիքով շատ ճիշտ է, մարդիկ միլիոններ են ծախսում բրենդ կայացնելու համար, – նշեց ավագանու անդամ Արթուր Վարդանյանը:
- Հարգելի պարոն քաղաքապետ, ավագանու հարգելի անդամները, սա այնպիսի միջացառում է, որ կարծում եմ և քաղաքի պատիվն է բարձրանում, և մենք պետք է ինչ-որ մասնակցություն ունենանք: Սակայն մի երկու նկատառում կա, որոնցով ես պարտավոր եմ Ձեզ հետ կիսվել. ես կարծում եմ, մեզ պետք է հետաքրքրի ամբողջական բյուջեի կառուցվածքը և դրանում մեր ներդրման կառուցվածքը: Եվ պիտի լիներ որոշում կայացնելուց առաջ՝ հասկանաինք, ինչի համար են մարդիկ պատրաստվում էդ ծախսը կատարել: Հաջորդը, իրենց նամակի մեջ ահագին բան նկարագրված է, բայց չկան նկարագրված մի քանի կարևոր հանգամանք, որոնք ես Ձեր ուշադրությանը պետք է ներկայացնեմ. փառատոնի անցկացման մրցույթի հայտարարության անդմակցության կանոնների մեջ հետաքրքիր մանրամասներ կան: օրինակ, ցանկացած մասնակից արտասահմանից պարտավոր է մուծում ունենալ 80-100 եվրոյի չափով: Հայաստանյան որևէ մասնակից, կամ Արցախից, պարտավոր է 3000-6000 դրամի ներդրում ունենալ, երգչախմբերը՝ 20000 դրամի, որպես մասնակցության վճար: Բացառությամբ գալա համերգի մասնակիցների, մյուսներն իրենք են հոգում իրենց հյուրանոցային, սննդի, կեցության, տրանսպորտային ծախսերը. սա մրցույթի կանոնների մեջ է գրված: Միայն գալա համերգի մասնակիցների 2 գիշերավարձն է նախատեսում այս փառատոնը ծածկել: Մյուսը, քաղաքապետին դիմել է «Փյունիկ» հիմնադրամի նախագահը, բայց ոչ թե հիմնադրամին օգնելու համար, այլ երրորդ կազմակերպությանն աջակցելու, որից ոչ մի թուղթ, հասցե, ղեկավարի անուն-ազգանուն, կորդինանտ, ոչ մի բան չկա այստեղ: «Փյունիկ» հիմնադրամը, որի նախագահը դիմել է մեզ, 2012թ. ունեցել է Գյումրի քաղաքի բյուջեին հավասար եկամուտ՝ 2.9 միլիարդ դրամ, 2011-ին եղել է մոտավորապես 1 միլիարդ դրամ… Ինձ համար անհասկանալի է, ինչու՞ այսպիսի ահռելի միջոցների տիրապետող կազմակերպության նախագահը դիմում է աղքատությամբ Հայաստանի առաջին երեք քաղաքներից մեկին: 5 մլն դրամը 1 կամ 2 սենյականոց բնակարանի կարող ենք վերածել և տալ որևէ անօթևան ընտանիքի: Կամ 4-5 հազար պարկ վառելափայտ առնել և 4000 անօթևան ընտանիքներին տալ, որպեսզի 2-3 օր տաքանան այդ մարդիկ և այլն:
Առաջարկում եմ, որ քաղաքապետարանը ծածկի այդ միջոցառման օրերին դահլիճների վարձավճարները մեր քաղաքում և էլի ինչ-որ մի ծախս, – իր ելույթը շարունակեց լևոն Բարսեղյանը:
Այստեղ տեղի տվեց Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանի համբերությունն ու հակադարձեց ավագանու անդամին. – 5 մլն-ը մեծ գումար չէ և մենք բոլորս էլ գիտենք, որ «Վերածնունդ» փառատոն անցկացնելու համար մեծ գումարների մասին է խոսվում: Եթե առաջնորդվում եք այդ տրամաբանությամբ, որ դա վերածեինք բնակարանի կամ վառելափայտի, ուրեմն բերեք մեր բոլոր մշակութային միջոցառումների համար նախատեսված գումարները վերածենք բնակարանների: Կարծում եմ, մեծ գումար չէ սա:
Քննարկման արդյունքում ավագանու բոլոր անդմաները, բացառությամբ Լևոն Բարսեղյանի, կողմ քվեարկեցին նախագծին:

Հարցի շուրջ «Վերածնունդ» փառատոնի կազմակերպիչների տեսակետն ու մեկնաբանությունները հարցի շուրջ կներկայացնենք վաղը:

Անկախ

Tags: , ,