ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318 որոշման փոփոխություններն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը: Փոոխությունների համաձայն` կկարգավորվի բժշկական օգնության պետական պատվերի դաշտը:
«Նախկին 36-ի փոխարեն, անապահովության նիշը դարձել է 30, ինչը նշանակում է, որ ևս 270 000 մարդ կարող է օգտվել անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնությունից: Անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնությունից կարող են օգտվել ապաստան հայցողներն ու նրանց ընտանիքի անդամները: Փոփոխված որոշման կարևոր կետերից մեկն էլ ֆինանսական մեխանիզմների հստակեցումն է: Կցուցաբերվի արտոնյալ համավճարային պայմաններով բուժօգնություն: Այս կետի շնորհիվ սոցիալական որոշ խմբեր կօգտվեն պետության համավճարից»,-ասաց Վահան Պողոսյանը:
Նրա փոխանցմաբ` նոր որոշման համաձայն պարզեցումներ են կատարվել նաև սրտի վիրբուժության ոլորտում.
«6-7 տարի առաջ սրտի վիրահատության համար որևէ փոխհատուցում չէր արվում: ապա 110 քաղաքացի կարողացան օգտվել սրտի անվճար վիրահատությունից: Սոցիալապես անապահով խավերին պետությունը տրամադրում է համավճար` 365 000 դրամ: Համավճարից օգտվողների շարքում ավելացել են նաև քաղծառայողները, զինծառայողները և նրանց ընտանիքները, ինչպես նաև 0-7 տարեկան երեխաները»,-տեղեկացրեց Վահան Պողոսյանը:
Նրա խոսքով` 0-7 տարեկան երխաների բուժօգնությունը և’ ամբուլատոր, և’ հիվանդանոցային ամբողջովին անվճար է:
«Գոյություն ունի հիմնական դեղերի ցանկ, եթե ցանկից դուրս դեղեր են պահանջվում, դրանք տրամադրվում են վճարովի հիմունքներով»,- ասաց Վահան Պողոսյանը:
Tags: առողջապահության նախարարություն, դեղորայք