Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով մինչև փետրվարի 13-ը ՀՀ շուկա հանված ձվի դիտարկում է իրականացվում: Դիտարկման նախնական արդյունքներով` եղել են մի քանի դեպքեր պիտանելության ժամկետն անցած ձվերի իրացման և մի քանի դեպք սխալ մակնշման հետ կապված: Հայտնաբերված խախտումները համատարած բնույթ չեն կրել և ընթացքում վերացվել են: Իսկ ժամկետնանց ձվերը ոչնչացվել են: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով դիտարկման նախնական արդյունքները` ասաց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սննդամթերքի արտադրության վերահսկողության բաժնի պետ Վահե Դանիելյանը:
Անդրադառնալով Ուկրաինական ձվերի ներկրման հետ առաջացած խնդիրներին`Վահե Դանիելյանը տեղեկացրեց, որ Ուկրաինայում հաստատված նորմատիվ փատաթղթերի համաձայն` իրենք իրավունք ունեն մակնշել ձվերը մինչև 60 օր ժամկետով: Իսկ մեր հանրապետություն ներկրվելուց հետո պահանջ է դրվել կրկնապիտակների միջոցով սպառողին տեղեկացնել, որ այդ ձվերը կարող են իրացվել միայն 25 օրվա ընթացքում: ՀՀ-ում գործող օրենսդրությամբ՝ 25 օրից ավել չի կարող պիտանելի լինել առաջին կարգի սեղանին դրվող ձուն: Ներկրողները պարտավորվել են սպառողին հասցնել պատշաճ մակարդակի տեղեկատվություն պիտանելիության ժամկետների մասին:
« Ես չեմ կարող ասել, թե ներկրկման պահին պիտանելիության ինչ ժամկետում են գտնվել ձվերը, բայց կարող եմ ասել, որ դրանք սպառվել են 25 օրվա ընթացքում: Մենք տվյալ խմբաքանակի ժամկետնանց ձվեր չենք հայտնաբերել»,- ասաց Վահե Դանիելյանը:
Նրա խոսքով` շուկայում ժամկետնանցի սննդամթերքի, այդ թվում` ձվի հայտնվելը կարող է լինել ինչպես իրացնողի, այնպես էլ վաճառողի անփութության հետևանք: Սննդամթերքի անվտանգության ծառայության կողմից հայտնաբերված խմբաքանակներն այնքան փոքր են եղել, որ այստեղ դիտավորության մասին խոսք լինել չի կարող:
«Ես ձեզ կարող եմ վստահեցնել, որ Հայաստան ժամկետնանց սննդամթերք չի ներկրվել»,- ասաց Վահե Դանիելյանը:
Tags: գյուղատնտեսություն, սննդամթերք