Հիմնադրամը Գյումրու քաղաքապետարանին չի դիմել գումար տալու համար. փառատոնի փոխնախագահ

26 010Անկախ-ը երեկ անդրադարձել էր Գյումրու ավագանու նիստում բուռն քննարկման առարկա դարձած «Վերածնունդ» փառատոնի համար համանուն ՀԿ-ին 5 մլն դրամ տրամադրելու հարցին: Եվ ինչպես խոստացել էինք,  ներկայացնում ենք փառատոնի կազմակերպիչների մեկնաբանությունը խնդրի շուրջ:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Գյումրու քաղաքապտին անձամբ և ավագանու անդամներին, որոնք հասկացան, որ այս փառատոնն անցկացվում է Գյումրի քաղաքում, անցկացվում է գյումրեցիների համար և մրցույթ-փառատոնի նպատակը ոչ թե տաշի-տուշին է, այլ քաղաքի մշակութային զարգացումը: Եվ շատ անհարմար է, որ 7-8 տարիների ընթացքում դրսից էլ բարերար չմնաց, էլ մարդ, կազմակերպություն չմնաց, որ օգնեն, ֆինանսապես աջակցեն փառատոնի անցկացմանը: Ամեն փառատոնի 70-80 աշխահահռչակ երաժիշտներ ժյուրիի կազմում անհատույց գալիս իրենց տուրքն են մատուցում Գյումրի քաղաքին, որ երկրաշարժից փլվել է: Ասում են՝ 25 տարի առաջ մենք գումար ենք հավաքել, հիմա էլ հաճույքով ենք գալիս, որ Գյումրիին կարողանանք մի բանով ծառայել, իսկ գյումրեցիները մի լումա մինչև հիմա չեն ծախսել փառատոնի անցկացման համար: Մեր տանը որ հյուրեր են գալիս, ասում ենք՝ թող ծախսը հարևաններն անե՞ն: Ու մի բան էլ մունաթ են գալիս: 7-8 տարի մեր կազմկոմիտեն աշխատում է անվարձահատույց և աշխատում ենք կլոր տարին: Մինչև հիմա դրսի մասնակիցները մուծել են 100 դոլար գումար և գրում են՝ մենք միայն տալիս ենք գալա համերգի մասնակիցների կեցության ծախսերը: Գալա համերգին թող մասնակցի տասը հոգի, այսինքն, ստացվում է, որ 500-600 հոգի դրսից մարդ է գալիս, միայն տասի ծախսե՞րն է կազմկոմիտեն անում: Բայց չէ՞ որ այդ մարդիկ գալիս այստեղ 5-6 օր քնում են քաղաքի բարձրակարգ հյուրանոցներում, սնվում են օրական 3 անգամ… Եվ մնացած բոլոր փաստերը՝ առաջին տառից մինչև վերջին տառը սուտ տեղեկություններ են: Քննադատում են, ասում՝ նալոգ են դրել Գյումրու վրա. ինչի՞ էդ մարդը պարտավո՞ր է Գյումրուն: «Փյունիկ» հիմնադրամն ունի իր կանոնադրական խնդիրները, դա բարեգործական հիմնադրամ է. անձամբ ես եմ տեղյակ, որ Շիրակի մարզի մի քանի դպրոցների մի քանի հազար դոլար արժողության լաբորատոր սարքավորումներ, խաղահրապարակներ է նվիրել, մեր կոնսերվատորիային նվիրել է 30 հազար դոլարանոց «Յամահա» դաշնամուր, ամեն տարի ինքը մեր խնդրանքով է կազմակերպում փառատոնը: Առաջին անգամ, որ ուզում էինք մրցույթն անցկացնել, դիմեցինք քաղաքապետարանին՝ 7 տարի առաջ, դռները փակեցին մեր դիմաց, խնդրեցինք էս մարդուն, ինքն էլ ասաց՝ ես Գյումրու համար պատրաստ եմ օգնել, ու մարդը սկսեց օգնել ու կրակն ընկավ:
Մենք դիմելու ենք, որ Գյումրու քաղաքապետարանը ոչ թե 5 մլն դրամ հատկացնի, այլ մտածի 50 մլն հատկացնելու մասին: Կազմակերպիչը պետք է լինի ոչ թե «Փյունիկ» հիմնադրամը, այլ Գյումրու քաղաքապետարանը, գյումրեցիները, գյումրեցի այն պատգամավորները, որոնք միշտ խոսք են տալիս, թե մեզ ընտրեք՝ սա կանենք, նա կանենք, Գյումրու ավագանու անդամները, որոնք հազար տեսակ խոստումներ են տալիս, թե աշխատատեղեր կստեղծենք, բա թող ստեղծեն, զարգացնեն մշակութային տուրիզմը, մի փառատոնի փոխարենը 10-ը անցկացնեն: Մեր փառատոնին 3000-5000 մարդ է մասնակցում, 2700-ը միայն երաժիշտներ: Ամեն երաժշտի հետ ծնող է գալիս, նվագակցող, ուղեկցող, հարազատ է գալիս… ամեն մեկը քաղաքում գոնե մեկ անգամ սրճարան կմտնի՞, փող կծախսի՞ էս քաղաքի վրա:
Լևոն Բարսեղյան, դու որ էդքան շատ մտածում ես անտունների մասին, քո հասարակական կազմակերպությունից հատկացրա էդ մարդկանց: Ի՞նչ գործ ունես փառատոնի հետ, – թեմայի շուրջ նշում է «Վերածնունդ» փառատոնի փոխնախագահ Աշոտ Պետրոսյանը:
Բանախոսն ասում է, որ «Փյունիկ» հիմնադրամը չի դիմել Գյումրու քաղաքապետին գումար հատկացնելու համար. ««Փյունիկ» հիմնադրամը, որպես կազմակերպիչ Երևանի պետական կոնսերվատորիայի հետ միասին դիմում է աջակցության խնդրանքով: Այդտեղ գումարի մասին որևէ խոսք չկա: Փառատոնը միայն գումար չէ, փառատոնը դրանք դահլիճներ են, քաղաքապետարանն ունի երաժշտական դպրոցներ, որպեսզի դահլիճներ տրամադրի: Այնտեղ խոսք չկա, որ 5 մլն դրամով ինձ օգնեք, դիմել է, որ անցկացնում է փառատոնն հերթական անգամ Գյումրի քաղաքում,  խնդրվում է ցույց տալ աջակցություն: Մենք անցած տարի էլ էինք դիմել քաղաքապետին, նոր էր ընտրվել, այդ ժամանակ ոչ մի աջակցություն չեղավ: Բայց եկան, տեսան ինչ բան է փառատոնը, դրանից Գյումրին ինչով կարող էր շահել և երևի հասկացան, որ փառատոնին կարելի է աջակցել»:

Tags: