Երևանը կհամալրվի Կարեն Դեմիրճյանի, Գարեգին Նժդեհի, Սիլվա Կապուտիկյանի, Կիմ Երիցյանի, Հրանտ Շահինյանի հուշարձաններով և Գրիգոր Նարեկացու հուշակոթողով

Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան ԲարսեղյանըԵրևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն  այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ առաջիկա տարիներին ծրագրված աշխատանքները պետք է նպաստեն, որ մայրաքաղաքը դառնա գործարարական առումով հյուրընկալ և իր յուրաքանչյուր բաղադրիչով` ջերմ:

Ճարտարապետի խոսքով` դեռևս 2003-ից Երևանի քաղաքաշինական զարգացմանը միտված բազմաթիվ ծրագրեր են ընդունվել և իրականացվել ի նպաստ մայրաքաղաքի բարեկեցիկ վիճակի:

«Երևանն առավել գեղեցիկ դարձնելու համար օրակարգային են գլխավոր հատակագծի իրագործմանն ուղղված միջոցառումների և  փոփոխությունների հետ կապված աշխատանքները, Փոքր կենտրոնի վերակառուցման օրենսդրական փաթեթի մշակումը, ինչպես նաև Նոր Նորք, Մալաթիա-Սեբաստիա, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների նախագծման աշխատանքները: Առաջանահերթ են բնակելի թաղամասերի կանոնակարգումը, բակային տարածքներում պատշաճ միջավայր ստեղծելը, ճանապարհների բարեկարգումը, Կենտրոն վարչական շրջանը մեքենաներից բեռնաթափումը»,- ասաց Տիգրան Բարսեղյանը:

Ճարտարապետը տեղեկացրեց, որ առաջնահերթ ծրագրերի թվում են նաև սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց համար բարենպաստ միջավայրի ստեղծումը, Կոնդ թաղամասի կառուցապատումը, ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ընդլայնման նախագծերի մշակումը:

«Շուտով կկառուցվի Կիրովի անվան մանկական զբոսայգու տարածքը, ինչը բավական մեծ աշխուժություն կմտցի Երևանի ժամանցային կյանքում: Մխիթար Հերացի փողոցում ծրագրված է կարևորագույն պետական նշանակության կառույց, ինչպես նաև Օրբելի փողոցին հարող տարածքում` Կառավարման ակադեմիայի նոր շենքի շինարարություն»,- ասաց Տիգրան Բարսեղյանը:

Առաջիկա չորս տարիները կառանձնանան նաև ճարտարապետական և գեղարվեստական միջոցառումների առումով: Առաջիկայում նախատեսված են հայ-ռուս ժողովուրդների բարեկամությունը խորհրդաշնող հուշարձանի տեղադրում: Երևանը կհամալրվի Կարեն Դեմիրճյանի, Գարեգին Նժդեհի,  Սիլվա Կապուտիկյանի, Կիմ Երիցյանի, Հրանտ Շահինյանի հուշարձաններով և Գրիգոր Նարեկացու հուշակոթողով:

Tags: , ,