2013-ին հանրապետությունում արտադրվել է 615 մլն 200 հազար ձու: 2012-ի հետ համեմատած արտադրության ծավալները 6.5 %-ով նվազել են: 2012-ին ձվի ներկրում չի եղել, միայն ինկուբացիոն ձվեր են ներկրվել: 2013-ին ներկրվել է 17 մլն 717 հազար 960 ձու: Ձվի արտադրության ծավալների նվազումը պայմանավորված է զուտ թռչնագլխաքանակի պակասով և տնտեսվարողների մոտ որոշակի ֆինանսական խնդիրներով: 2014-ին կանխատեսվում են մինիմալ ներկրումներ: Ձվերը ներկրվել են Ուկրաինայից, Պարսկաստանից, Բուլղարիայից, Վրաստանից, Բելառուսից:
Պարզվում է, որ Թուրքիայից ևս սննդամթերք, այդ թվում` ձու է ներկրվում Հայաստան: Մինչդեռ Սննդամթերքի անվտանգության տեսչությունից անընդհատ պնդում էին, որ Թուրքիայից սննդամթերք չի ներկրվում Հայաստան:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սննդամթերքի արտադրության վերահսկողության բաժնի պետ Վահե Դանիելյանի խոսքով` մեկ տարի առաջ Թուրքիայից Հայաստան սննդամթերք չէր ներկրվում, որովհետև կար համապատասխան քաղաքական որոշում, Թուրքիայից սննդամթերքի ներմուծումն արգելված էր:
«Իսկ հիմա թե Հայաստանը, թե Թուրքիան Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամներ են, որևէ խոչընդոտ չի կարող առաջացնել սննդամթերքի ներկրումը: Իհարկե, Թուրքիայից ներկրվող սննդամթերքի հետ կապված Սննդամթերքի անվտանգության ծառայությունն էլ ավելի բծախնդիր է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վահե Դանիելյանը:
Այն նկատառմանը, որ Հայաստանն արդեն տասը տարի է Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ է, ինչու այն ժամանակ Թուրքիայից սննդամթերք չեր ներկրվում Հայաստան, Վահե Դանիելյանը պատասխանեց. «Հրաման կար, համաձայն որի սննդամթերք չէր ներկրվում, իսկ հիմա ներկրվում է, իսկ թե ինչո՞վ է պայմանավորված, Վահե Դանիելյանը նշեց, որ իրավասու չէ պատասխանել` հավելելով, չի տիրապետում նաև այն տեղեկատվությանը, թե Թուրքիայից ինչ սննդամթերք է ներկրվում Հայաստան:
Tags: գյուղատնտեսություն, սննդամթերք