ԱՄՆ-ում բնակվող իրաքցի քուրդ երգչուհի Հելի Լուվի «Վտանգիր ամեն ինչ» երգի տեսահոլովակը, որը նկարահանվել է Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության կենտրոնը հանդիսացող Էրբիլ քաղաքում, հայտնվել է ամերիկյան երաժշտական աշխարհի ուշադրության կենտրոնում: Քուրդ մարտիկներին հատուկ շորեր հագած երգչուհին տեսահոլովակը սկսում է մոլոտովի կոկտեյլի շիշը վառելով, այնուհետև պարում է քաղաքի փողոցներում՝ քրդական դրոշների և ինքնաձիգները ձեռքին քրդական ավանդական գլխաշոր՝ փուշի կապած աղջիկների ուղեկցությամբ:
«Ռադիկալի» հաղորդմամբ՝ տեսահոլովակի նկարահանումները սկսվել են այն բանից հետո, երբ երգչուհին պայմանագիր է կնքել ամերիկյան հայտնի երաժշտական ընկերություններից «G2 Music Group»-ի հետ: Տեսահոլովակը լայնորեն քննարկվում է սոցիալական մեդիայում, ինչի համար երգչուհին շատ ուրախ է: «Քուրդիստանից հեռացանք, երբ դեռ 9 ամսական էի: Սկզբում ընտանիքիս հետ Իրան գնացինք, ապա Ֆինլանդիա: 18 տարեկանում հավատացի ամերիկյան երազանքին և միայնակ Լոս Անջելոս մեկնեցի: Այստեղ շարունակեցի իմ երաժշտական կյանքը: Շատ ուրախ եմ, որ իմ վերջին տեսահոլովակը սիրվել է»,-ասել է Հելի Լուվին:
