ԵՄ-ն և Ադրբեջանը ռեադմիսիայի մասին որոշում են ընդունել

ԵՄԵվրամիության ներքին հարցերով խորհուրդը փետրվարի 11-ին Ադրբեջանի հետ ռեադմիսիայի մասին համաձայնագրի ստորագրման մասին որոշում է ընդունել, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը:

 

Այդ փաստաթղթի համաձայն՝ Ադրբեջանը, ստորագրելով այն, պարտավորվում է հետ ընդունել ԵՄ տարածքում անօրինական կերպով գտնվող կամ բնակվող անձանց, եթե հաստատվի, որ նրանք Ադրբեջանի քաղաքացիներ են:

Բացի այդ՝ Ադրբեջանը ռեադմիսիայի մասին պարտավորություն է ստանձնում երրորդ երկրի կամ քաղաքացիություն չունեցող անձանց համար այն դեպքում, եթե ռեադմիսիայի պահին Ադրբեջանի այցագիր կամ Ադրբեջանում կեցության իրավունք ունեն, կամ եթե տվյալ անձի մուտքը ԵՄ իրականացվում է Ադրբեջանի տարածքով:

Պարտավորությունները փոխադարձ բնույթ են կրում: Փաստաթղթով նախատեսվում է ստեղծել նաև ռեադմիսիայի հարցերով համատեղ հանձնաժողով:

ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, մեկնաբանելով այս որոշումը, ասել է. “ԵՄ-ն այժմ պատրաստ է Ադրբեջանի հետ ռեադմիսիայի մասին համաձայնագիր ստորագրել: Սա կարևոր քայլ է քաղաքացիների համար անցագրային ռեժիմի պարզեցման հարցում”,- ասել է Ֆյուլեն:

 

Այս որոշմանը չեն միացել Միացյալ Թագավորությունները (Մեծ Բրիտանիա և Հյուսիսային Իռլանդիա), Իռլանդիան և Դանիան:

 

Ադրբեջանը և ԵՄ-ն անցագրային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիր են ստորագրել 2013թ. նոյեմբերին: Այն ուժի մեջ կմտնի ռեադմիսիայի մասին համաձայնագրի ստորագրումից հետո:

 Անկախ

Tags: , ,