«Ոմանք էլ կարող է Ավագյանի օֆիսում մեթան գազով փուչիկ տրաքացնեն» . Պետրոս Ղազարյան

загруженное

Հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

“Նոր կարդացի, որ Կարեն Ավագյանը ոչ միայն արդարացնում է երիտհանրապետականների հարձակումը թռուցիկ տարածող ակտիվիստների վրա, այլև սպառնում է ավելի խիստ պատասխաններ տալ, եթե թռուցիկներն իր սրտով չլինեն։

Անկեղծ ասած, ծանոթ չեմ թռուցիկների բովանդակությանը, բայց ենթադրենք այնտեղ վիրավորական բաներ են գրված նախագահի և ՀՀԿ-ի հասցեին։

Շատ բնական է, որ դա Կարեն Ավագյանին դուր չի գա։ Ճիշտն ասած, ինձ էլ դուր չի գալիս որևէ մեկին վիրավորելը, անկախ նրանից, թե ինչպես ես վերաբերվում վերջինիս, դատապարտելի է։ Բայց սա դաստիարակության և ճաշակի հարց է։ Իսկ Կարեն Ավագյանը, կոչ անելով ինքնադատաստանի, շատ ավելի է վիրավորում Սերժ Սարգսյանին, քան թռուցիկներ բաժանողները։ Որովհետև թռուցիկ բաժանելու իրավունքը երաշխավորված է Սահմանադրությամբ։ Եվ եթե ինչ որ բան էլ այն չէ, միջամտելու իրավունք ունեն միայն իրավապահները. ինքնադատաստանը նույնպես արգելված է Սահմանադրությամբ։ Արհամարհելով Սահմանադրությունը՝ Կարեն Ավագյանը արհամարհում և վիրավորում է նրա գլխավոր երաշխավորին՝ նախագահին։ Հարգարժան պատգամավորը պետք է նաև իմանա, որ ինքնադատաստանը երկու սայր ունի։ Շատերին դուր չի գալիս, որ կառավարության որոշումով պետական բուհերը միլիոնավոր դրամներ են տալիս իր հիմնադրամին, որ վերջինս իր քեֆով ծախսի։ Ելնելով ինքնադատաստանի կոչից՝ ոմանք էլ կարող է Ավագյանի օֆիսում մեթան գազով փուչիկ տրաքացնեն։ Մանավանդ որ այդ տեխնոլոգիան բոլորը գիտեն։ Չասեմ՝ ում շնորհիվ”։

 

Անկախ

Tags: , , ,