«Ոչ ոք թող չասի, որ դրսից «քեռին» է ստիպել, ինչ եղել է մեր մեղքով է եղել». Արամ Սարգսյան

загруженное (1)Արտագաղթի ահագնացող չափերն ինչ-որ ձևով արդարացնելու համար որոշ չինովնիկներ ասում են, որ 7 հազարով այս տարի պակասել է արտագաղթողների թիվը, ասենք, 50 000-ի փոխարեն արտագաղթել է 43 000-ը: Ժողովուրդը գնում է Բագրատաշենով և Բաղրայով, այսինքն` ինքնաթիռներով գնում են նրանք, ովքեր կարողություներ ունեն, իսկ մյուսներն արտագաղթում են ավտոբուսներով: Ստեղծված իրավիճակի միակ մեղավորը մենք ենք: Ոչ ոք թող չասի, որ դրսից «քեռին» է ստիպել, ինչ եղել է մեր մեղքով է եղել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:

Նրա խոսքով` այսօրվա իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում ամայանում են մեր սահմանամերձ գյուղերը:

«Խոսք է գնում հայ-թուրքական սահմանը բացելու մասին, ո՞վ կարող է երաշխավորել, որ հայ-թուրքական սահմանը բացելուց հետո մեր սահմանամերձ գյուղերը չեն բնակեցվի թուրքերով»,- իր մտահոգությունը հայտնեց Արամ Սարգսյանը` հավելելով, որ պետությունն այսօր անվտանգության տեսանկյունից նման հարցերում կարող է լինել շատ խոցելի: Ռուսաստանի Դաշնությունը մեր տարածքն ուժեղացնում է, բայց ոչ մեր պետությունը, Ռուսաստանն այստեղ իր շահն է հետապնդում: Մեր պետությունը պետք է ամրապնդենք մենք:

Արամ Սարգսյանի կարծիքով` հատվածային դժգոհությունը, որն առաջացել է, վտակների է նման, որոնք մի օր միավորվելու են, իսկ այս իշխանությունը չի գնահատում հասարակությանը` նրան թույլ համարելով: Այս մտածելակերպը տապալելու է այն քաղաքական ուժին, որը պատասխանատվություն է վերցրել երկիրը կառավարելու:

«Եթե մենք չսթափվենք, և հանրապետության նախագահն իր քաղաքական կուրսը չփոխի, Հայաստանում ամեն տեսակ իրադարձություններ են հնարավոր:  Հասարակության մի մասն արդեն բացահայտ խոստանում է, որ փետրվարի վերջին այնպես կանի, որ այս իշխանությունները հուշ դառնան, մյուս մասն էլ ասում է, որ միավորվելով` շատ բանի կհասնի: Ինչպե՞ս կարելի է հասարակական կարծիքի հանդեպ այդքան անտարբեր լինել: Հասարակական կարծիքն այն հատվածն է, որը թույլ է տալիս ասելու, որ պայքարող հատվածը դեռ մնացել է»,- ասաց բանախոսը:

Ըստ նրա` Հայաստանը Եվրոպայից պարտադրանք ունի, ԱՄՆ-ից պարտադրանք ունի, Ռուսաստանից պարտադրանք ունի, դրա համար էլ ոչ ոք Հայաստանի հետ չի ցանկանում հաշվի նստել:

«Ոչ մի նշանակություն չունի, թե այս կառավարությունը ի՞նչ հաջողությունների է հասել, քանի որ դրանք ամայանում են, երբ տեսնում ենք արտագաղթի տեմպերը»,- եզրափակեց Արամ Սարգսյանը:

 

 Անկախ

Tags: , ,