«Մենք սովորություն ունենք վատի վրա կայֆ բռնել, մի քիչ լավին արդեն լավ չենք վերաբերվում». Խոսրով Հարությունյան

խոսրով հարությունյանԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի կարծիքով` անկախ ծավալներից, արտագաղթը պետք է լինի մտահոգիչ, բայց, եթե որևէ չինովնիկ համեմատական վերլուծություն է անում, դա «գլուխ գովելու համար» չէ, այլ փաստելու, որ արտագաղթի ծավալները նվազել են: Նրա խոսքով` հիմնականում ՌԴ արտագաղթող մեր հայրենակիցներն այդ երկիր են գնում ոչ նրա համար, որ այնտեղ վիճակը շատ ավելի լավ է, քան Հայաստանում, այլ գնում են եկամուտ ստեղծելու: Հետևաբար, խնդիրը Հայաստանում աշխատատեղեր ստեղծելու մեջ է, ընդ որում, գիտատեխնիկական ոլորտում: Իսկ դրա համար պետք է դրսից ներդրողներ ներգրավել:

«Բայց ոչ ոք Հայաստանում երկարաժամկետ ներդրում չի կատարի, քանի որ քաղաքական և ռազմական ռիսկեր կան, ներդրումներին խանգարում են նաև կաշառակերությունը, տնտեսական ստանդարտների, տեխնիկական կարգերի ոչ եվրոպական վիճակը»,- ասաց Խոսրով Հարությունյանը:

Նրա խոսքով` վերջին 5-6 տարիների ընթացքում, ունենալով ամենաանբարենպաստ մեկնարկը` մարտի մեկ և ֆինանսատնտեսական ճգնաժամ, կառավարությունը լուրջ քայլեր է արել: Մաքսային միությանն անդամակցելու հայտարարությունը Հայաստանի անվտանգությունն առնվազն մեկ աստիճանով բարձրացնում է և մեր երկիրն ավելի նպաստավոր է դառնում ներդրումների համար:

«Մի քանի տարի առաջ նոտարական համակարգում, կադաստրում, սոցիալական ծառայությունների, ոստիկանության ոլորտներում, ընդունելության քննությունների ոլորտում կաշառակերության մակարդակն աննախադեպ բարձր էր, իսկ հիմա այդ ոլորտներն բավական բարելավել են: Դատաիրավական համակարգում ևս այս կառավարությունը լուրջ բարեփոխումներ է արել: Ինչ վերաբերում է Եվրամիության հետ տնտեսական ստանդարտները արդիականացնելուն, այդ գործընթացը շարունակում է մնալ օրակարգային, առաջիկայում արդյունքները տեսանելի կլինեն»,- ասաց բանախոսը:

Այս պայմաններում, Խոսրով Հարությունյանի համոզմամբ, ցանկացած կառավարություն խոցելի էր լինելու, բայց համեմատելով այլ կառավարությունների գործունեության հետ՝ նա համոզված է, որ այս կառավարությունը լուրջ բարեփոխումներ է արել`դրական արդյունքներով:

«Մենք սովորություն ունենք վատի վրա կայֆ բռնել, մի քիչ լավին արդեն լավ չենք վերաբերվում»,- եզրափակեց Խսրով Հարությունյանը:

Tags: ,