«Մենք քաղաքացիների գրպաններին խփել ենք ո՛չ թե մեզ համար, այլ հենց իրենց». Հակոբ Հակոբյան

հակոբ հակոբյանԹեև պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելու հետևանքով քաղաքացիների աշխատավարձերից պահումներ են արվելու, բայց դա այդ նույն քաղաքացիների ապահով ծերության համար է։

«Մենք քաղաքացիների գրպաններին խփել ենք ո՛չ թե մեզ համար, այլ հենց իրենց: Ստացվում է, որ մենք պետական բյուջեի գրպանին էլ ենք խփել, որովհետև համահավասար փոխանցում ենք գումար նաև պետական բյուջեից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը: Ապա պատգամավորն ինքը հարցադրում արեց լրագրողներին՝ արդյո՞ք հնարավոր է ապրել 40 000 դրամ կենսաթոշակով: Նրա խոսքով` այս համակարգի ներդրման նպատակն այն է, որ քաղաքացիները խնայեն և ապագայում 40 000 դրամի փոխարեն ստանան, օրինակ, 80 000 դրամ թոշակ:

Հակոբ Հակոբյանը նշեց,  որ ինքն էլ չի օգտվել կենսաթոշակային համակարգի կամավոր սկզբունքից, որովհետև շատերի նման չի մտածել վաղվա թոշակի մասին: Իսկ եթե դառնա 63 տարեկան և ստանա 40 000 դրամ կենսաթոշակ, կզղջա, որ ժամանակին չի մտածել խնայելու մասին: Նրա խոսքով` բնակչության բացարձակ մեծամասնությունը չէ, որ դեմ է պարտադիր կենսաթոշակային համակարգին:

Ապա բանախոսը նշեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի արդյունավետության 3 կարևոր կետ: Ըստ նրա` առաջինը բարձր կենսաթոշակներն են, երկրորդը՝ հավաքված գումարները երկրի տնտեսությանը ծառայեցնելը, ըստ դրա էլ քաղաքացիներին աշխատատեղերով ապահովելը։ Եվ երրորդը՝ լրացուցիչ միջոցներ երկիրը զարգացնելու համար:

 

Tags: ,