«Դեմ եմ» նախաձեռնությունը պահանջում է աշխատանքից հեռացնել լրագրողի նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանին

դեմ.ամ«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը դատապարտում է փետրվարի 12-ին ՀԱԿ անդամների դեմ իրականացված սադրիչ գործողություններ, ինչպես նաև լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ կիրառված բռնությունը ՀՀ Ոստիկանության բաժանմունքում ոստիկանի կողմից:

«Որևէ քաղաքակիրթ հասարակությունում և ժողովրդավարական պետությունում չեն կարող և չպետք է հանդուրժելի լինեն այսօրինակ բռնությունները, որոնք թույլ են տրվում թե’ ոստիկանների, թե’ որոշ անհատների կողմից, հատկապես լրագրողի նկատմամբ, ում մասնագիտական գործունեությանը խոչընդոտելն արգելվում է և դատապարտելի է: Այս կամ այն կերպ ուղղորդված որոշ անհատների բացահայտ անօրինական, կամայական ու սադրիչ գործողությունները ստորացնում են մարդու և քաղաքացու արժանապատվությունը. նրանք իրենց իրավունք են վերապահում սահմանափակել այլոց իրավունքներն ու ազատությունները, մասնավորապես՝ օրենքով թույլատրելի ձևերով հանրային իրազեկում իրականացնելը: Հավանաբար սա պայմանավորված է նրանով, որ երկրում տիրում է ամենաթողության ու անպատժելիության մթնոլորտը: Մենք՝ որպես քաղաքացիական հասարակության քաղաքակիրթ ներկայացուցիչներ, անհանդուրժող ենք ֆեոդալական բարքերի ու այդ արժեքները կրողների հանդեպ: Նմանատիպ արարքները որևէ արդարացում չեն կարող ունենալ ժողովրդավար ու իրավական երկրում և պիտի պատժվեն օրենքի ողջ խստությամբ»,- ասված է նախաձեռնության հայտարարության մեջ:

«Դեմ եմ» նախաձեռնությունը պահանջում է ոստիկանությունից անհապաղ քայլեր ձեռնարկել քրեական պատասխանատվության ենթարկելու Մաշտոցի պողոտայում ՀՀ մի շարք քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները բացահայտ ոտնահարած անհատներին, իսկ լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանի նկատմամբ անցկացնել ծառայողական քննություն՝ նրան իր զբաղեցրած պաշտոնից և ոստիկանական ծառայությունից հեռացնելու նպատակով:

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին ՀԱԿ ակտիվիստները Սարյան փողոցում մարտի 1-ի թռուցիկներ բաժանելիս վեճի էին բռնվել մի խումբ տղաների հետ, որից հետո նրանց բերման էին ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին: Պարզվել էր, որ այդ տղաները ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամներ են: Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում բերման ենթարկված 12 քաղաքացիների գործով:

Tags: ,