Նիդեռլանդների առողջապահության նախկին նախարարի մահը բռնի է եղել

o_893785Նիդեռլանդների ոստիկանությունը քննում է էվթանազիայի մասին օրենքի հեղինակ, երկրի առողջապահության նախկին նախարար Էլս Բորստի մահը: Կնոջ մարմինը հայտնաբերվել էր երկուշաբթի, իր տան ավտոտնակում: Բորստը 81 տարեկան էր: Քննիչները հայտնել են, որ նրա մահը բռնի է եղել: Մի քանի վարկած կա` թալան կամ սպանություն` կապված քաղաքականության հետ: 1994-2002-ը նա ղեկավարում էր Նիդեռլանդների առողջապահության նախարարությունը ու, նրա օրոք երկրի խորհրդարանն էվթանազիան օրինականացնելու մասին օրենք ընդունեց: Դրանից հետո Բորստն ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկը դարձավ: Նիդեռլանդների վարչապետը կատարվածի առիթով ցավակցություն է հայտնել:

Նախարարը զոհվել է Բելգիայի խորհրդարանում մանկական էվթանազիայի մասին սկանդալային օրենքն ընդունելուց օրեր առաջ: Փաստաթուղթը երկրի անչափահաս քաղաքացիներին կյանքից կամավոր հեռանալու իրավունք է տալիս: Դրա համար հարկավոր է երեխայի համաձայնությունը, բժշկական կոնսիլիումի ու հոգեբանի եզրակացությունը, ինչպես նաև ծնողների կողմից համապատասխան դիմումը:

Քննարկումներն ու քվեարկությունն ուղեկցվել են զանգվածային բողոքներով.բնակիչների կարծիքները տարբեր են եղել: Հիմա Բրյուսելում սպասում են թագավոր Ֆիլիպի խոսքին. եթե նա հրաժարվի ստորագրել օրենքի նախագիծը, ապա, ամենայն հավանականությամբ, Բելգիայում քաղաքական նոր ճգնաժամ կսկսվի:

Անկախ

Tags: , ,