Քիչ առաջ «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը հաղորդագրություն տարածեց, որ Երևանի Մետրոպոլիտենի 3 աշխատակիցներ ազատվել են աշխատանքից:
Անկախ-ը պարզեց, որ աշխատանքից ազատված աշխատակիցներից մեկը Անդրանիկ Գևորգյանն է, որը մեզ հայտնեց, որ իրենց աշխատանքից ազատել են աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 6-րդ կետի հիման վրա` գործատուի կողմից պայմանագրի խզում աշխատակցի նկատմամբ անվստահության համար:
“Հիմա ժողով ենք անում որոշելու ենք մեր անելիքները”,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ամսի 12-ին Երևանի մետրոպոլիտենի գլխավոր վարչության շենքի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ Անդրանիկ Գևորգյանն անձամբ աշխատողների դիմում-բողոքը հանձնեց ընդունարան: Նա բողոքի ակցիայի ակտիվ մասնակիցներից էր, որը նշում էր, որ աշխատողներից առանց նրանց համաձայնության աշխատավարձերի պահումը ակնհայտ իրավունքների ոտնահարում է: Նա նաև դեմ էր արտահայտվում կենսաթոշակային նոր համակարգի պարտադիր բաղադրիչին` ասելով, որ դա մարդու իրավունքների սահմանափակում է:
Ի դեպ, պարտադիր կուտակային համակարգը չի տարածվում Անդրանիկ Գևորգյանի վրա, սակայն նա ակտիվորեն մասնակցում էր ակցիային` պաշտպանելու իր երիտասարդ գործընկերների իրավունքները և որպես գիտակից քաղաքացի իր դիրքորոշումն էր արտահայտում:
«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը սա ակնհայտ ճնշում է որակում աշխատակիցների վրա, ովքեր իրենց բողոքի ձայնն են բարձրացնում՝ ի պաշտպանություն իրենց ոտնահարված սոցիալական իրավունքների:
Նախաձեռնությունը նաև կանգնելու է այս աշխատակիցների կողքին, քանի որ այս քայլերը նպատակաուղղված են աշխատանքից հեռացնելու ուղով ոչ միայն լռեցնել մարդկանց, ովքեր բարձրաձայնում են իրենց իրավունքների մասին ու փորձում գործնական քայլերով պաշտպանել դրանք, այլև վախեցնել մյուս աշխատակիցներին, որպեսզի աշխատանքի կորստի սպառնալիքից ելնելով որևէ կերպ չընդվզեն իրենց իրավունքների ոտնահարման դեմ:
“Կոչ ենք անում բոլոր մտահոգ քաղաքացիներին, հատկապես փաստաբաններին ցուցաբերել իրենց աջակցությունը՝ այս քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար դատական հայցերի հարցում: Առաջարկում ենք նաև սկսել դրամական հանգանակություն այս քաղաքացիներին աջակցելու և նրանց գործերով դատական հայցերի ծախսերի հոգման համար:
Իսկ գործատուներին խնդրում ենք աջակցել այս մարդկանց աշխատանք ապահովելու հարցով, որպեսզի վերջիններս կարողանան հոգալ իրենց ընտանիքի կենսական անհրաժեշտության կարիքները:”,-ասված է հաղորդագրության մեջ:
