Գյումրիի նախկին քաղաքապետի եղբորորդու գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել

14.02.49Շիրակի Մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մովսեսյանն այսօր ինքնաբացարկ է հայտնել՝ իր վարույթում գտնվող Գյումրիի նախկին քաղաքապետի եղբորորդու՝ Վահե Ղուկասյանի դեմ քրեական գործով:
Վերջինս մեղադրվում է Գյումրիի «հակամարտության» գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ  հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 104-րդ հոդվածի 1-ին մասով և  235-րդ  հոդվածի 1-ին մասով՝   շատերի կյանքի համար վտանգավոր սպանության փորձ, սպանություն, ապօրինի կերպով զենք ձեռք բերելը:
 Դատավորի ինքնաբացարկի որոշումը ենթակա չէ բողոքարկման:
Այսպես, դատավորը  քրեական գործի նյութերը հետազոտելուց հետո պարզել է, որ 11.02.2014թ. Շիրակի Մարզի ընդհանուր իրավասության դատարանում մուտքագրված, 12.02.2014թ.  իրեն մակագրված և 13.02.2014թ. իր վարույթ ընդունված քրեական գործով տուժող Հարություն Խաչատրյանը բնակվել է Արցախ թաղամասում, որտեղ և  բնակվել  է դատավորը, այսինքն՝ եղել են հարևաններ:
«Մենք գտնվում ենք նորմալ հարաբերությունների մեջ, որին տեղյակ է նաև մեղադրվող կողմը: Նշված հանգամանքը մեղադրվողի կողմից կարող է կասկած հարուցել իմ անկողմնակալության մեջ, որի պատճառով հայտնում եմ ինքնաբացարկ»,- նշվում է դատավորի՝ ինքնաբացարկ հայտնելու  որոշման մեջ:
Հիշեցնենք, որ Վահե Ղուկասյանին առաջադրված մեղադրանքի համաձայն՝  նա  2013թ ապրիլի 23-ի առավոտյան, ապօրինի կերպով ձեռք բերված և  իր մոտ պահվող հրազենով փորձել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել Հարություն  Խաչատրյանին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել:
Այնուհետեւ, ըստ մեղադրական եզրակացության, նա  ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել է Արտյոմ Կարապետյանին և ապօրինի կերպով ձեռք բերել, պահել ու կրել է հրազեն և ռազմամթերք:
«Փաստինֆո»

Անկախ

Tags: ,