Երևան-Տավուշ, ավելի կոնկրետ Երևանից Բերդի տարածաշրջան և հակառակ ուղղությամբ երթուղու համար արդեն մեկ ամսից ավելի է, գործում է նոր սակագին: Ուղևորափոխադրումներ իրականացնող անհատ տաքսու վարորդներն ու <<Բերդ>> տաքսի ծառայության աշխատակիցը Անկախ-ի թղթակցին հայտնել են, որ ուղեվարձը թանկացել է 1000-ից 3000-ից դրամով: Եթե մինչև այժմ Երևանից Բերդ մեկ ուղևորի ուղեվարձն արժեր 3000 դրամ, ապա հիմա այն կազմում է 4000 դրամ, իսկ հեռավոր գյուղեր, օրինակ մինչև Մովսես, ուղեվարձը դարձել է 6000 դրամ, Այգեձոր, Չինարի՝ 7000 դրամ:
Ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդները թանկացումը պայմանավորում են թե գազի սակագնի փոփոխությամբ և թե ընդհանրապես այլ ապրանքների գնաճային ցուցանիշներով: <<Դե ամեն ինչը թանկացել է, մեզ արդեն ձեռնտու չէր 3000 դրամով ուղևոր տեղափոխել, դրա համար գինը բարձրացրինք>>,-նշել են տավուշցի վարորդները:
Երևանի Կենտրոնական ավտոկայանից հայտնել են, որ իրենց մոտից դեպի Բերդ ավտոբուսային երթուղին արդեն երկու տարի է՝ չի գործում: Իսկ Հյուսիսային ավտոկայանից ամեն օր առավոտյան 9:30-ին մեկ <<Գազել>> մակնիշի երթուղային տաքսի սպասարկում է Երևան-Բերդ երթուղին, որի ուղեվարձն արժե 2000 դրամ: Հյուսիսային ավտոկայանի Տավուշի Բերդ քաղաքի կարգավար Համլետը (ազգանունը չցանկացավ հայտնել) նշեց, որ գիծը նորմալ աշխատում է, միայն երեկ մեքենա չի գնացել, քանի որ անսարք է եղել: Նա հերքեց տեղեկությունները, թե արդեն տասը օր է` Երևան-Բերդ երթուղին չի սպասարկվում:
Tags: Բերդ, երթուղի, թանկացում, Տավուշի մարզ
