«Թուխմանուկի» ոսկու հանքավայրի երրորդ պոչամբարի կառուցումը վերջնական անհետացման վտանգի առջեւ կարող է կանգնեցնել Արագածոտնի մարզի Մելիք գյուղը։ Փետրվարի 15-ին գյուղի բնակիչները Երեւանից ժամանած բնապահպանների օգնությամբ կազմակերպել են ստորագրահավաք՝ պահանջելով, որպեսզի հանքը շահագործող «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ն պոչամբարի նախագծի շուրջ հասարակական լսումներ կազմակերպի ոչ թե Երեւանում, այլ հենց Մելիք գյուղում՝ բնակիչների մասնակցությամբ,հաղորդում էNEWS.am-ը ։
«Փետրվարի 10-ին լսումներ են կազմակերպել Երեւանում՝ առանց մեր ներկայության։ Մենք հետո ենք իմացել դրա մասին»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել են Մելիք գյուղի բնակիչները։
Գյուղացիները վստահ են, որ իրենց գյուղում ծնելիության մակարդակի նվազման, ինչպես նաեւ կենդանիների անոմալ ծնունդների պատճառը գյուղին շատ գտնվող պոչամբարներն են։
«Իրանք իրավունք չունեն պոչամբար դնել գյուղից 200-300 մետր հեռավորության վրա։ Սաղ դրա երեսից 30-40 մեղուներս շարքից հելան»,- դժգոհեց Մելիքի բնակիչ Ազատ Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ նախկին երկու պոչամբարներն արդեն լցվել են, եւ շահագործողը Բնապահպանության նախարարությանը երրորդ պոչամբարը կառուցելու հայտ է ներկայացրել։ Գյուղացիների խոսքով, չգործող երկու պոչամբարներից ծանր մետաղների արտահոսք է լինում ջրային ավազաններ։ Բնակիչներից Լեռնիկ Սարիբեկյանը պատմեց, որ երբ ինքն աշխատելիս է եղել հանքում, իրեն ստիպել են ջուրը պոչամբարից խողովակներով բաց թողնել գետի մեջ։ Աղտոտված ջրերով հողերը ոռոգելու հետևանքով պակասել է հողերի բերքատվությունը։
«Ես ունեմ 2400քմ կարտոֆիլի տարածք: Երբ հանքը չկար, 6-10 տոննա կարտոֆիլ էի հավաքում: Հիմա 1-2 տոննայից ոչ ավելի: Կաղամբը դնում եմ, ջրում եմ էդ ջրով, կաղամբը չորանում է»,- պատմեց Ազատ Գրիգորյանը:
Բնապահպանների հետազոտությունը ցույց է տվել, որ աղտոտված է անգամ գյուղի խմելու ջուրը, որի հետևանքով գյուղացիները ստամոքսային հիվանդություններ են ձեռք բերել:
Մինչ գյուղացիները գյուղապետարանի մոտ հավաքված ստորագրահավաք էին անցկացնում, գյուղ եկավ «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի տնօրեն Աշոտ Պողոսյանը։ Մելիքցիները նրան տեսնելով չկարողացան զսպել իրենց վրդովմունքը։
«Դու Դիլիջան տներ կշինիս, հանգստատուն կշինիս, իսկ իմ կովերը չծնին: Ստեան չկայնիս էլ, դավայ, մարդասպանություն չանինք: Դու ավիրիր մեր գեղ: Ոչ ծնունդ կեղնի, ոչ կով կեղնի, ոչ հարս կծնի», – վրդովված տնօրենին դիմեց գյուղի բնակիչներից Հովհաննեսը։
Գյուղապետարանի շենքում նա բնակիչներին վստահեցրեց, որ պոչամբարից արտահոսքեր չեն լինում եւ խոստացավ վճարել աշխատավարձային պարտքերը։
Թեեւ տնօրենը խոստացել էր պատասխանել բոլոր հարցերին, բայց գյուղացիների հարցերի մեծ մասն այդպես էլ անպատասխան մնաց։ Քննարկումը վերածվեց վեճի, բանը հասավ հայհոյանքների։
Նշենք, որ Արագածոտնի մարզի «Թուխմանուկի» ոսկու հանքավայրում 2005-ից բաց եղանակով ոսկու արդյունահանմամբ է զբաղվում «Մեգո Գոլդ» ընկերությունը: 2005թ. այս ընկերությունը ստացել է հանքը շահագործելու թույլտվություն՝ 2 տարի բաց եղանակով, իսկ այնուհետև 6.5 տարի՝ ստորգետնյա եղանակով: Մինչեւ օրս շահագործումը կատարվում է միայն բաց եղանակով:Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում:
