Օրվա ընթացքում թափվում է 50-100 մազ

ՄազաթափությունՄազաթափությունը տարբեր մարդկանց մոտ տարբեր կերպ է արտահայտվում: Այն բոլոր ժամանակներում եղել է մարդկությանն անհանգստացնող խնդիրներից մեկը: Խիտ և առողջ մազեր ունենալը յուրաքանչյուրիս երազանքն է: Մազաթափությունը կարելի է ծածկել տարբեր սանրվածքներով, գլխարկներով և շալերով, սակայն, արդյունքում՝ մենք այս ամենով ոչ թե խնդիրն ենք լուծում, այլ խուսափում ենք դրանից:
/Բազմաթիվ ժողովրդական դեղատոմսեր կան, որոնք օգնում են ազատվելու այս խնդրից: Մազերը կարող են թափվել միանգամից կամ աստիճանաբար: Դա կարող է լինել ժամանակավոր և մշտական: Օրվա ընթացքում թափվում է 50-100 մազ: Եթե գլխամաշկին 100.000 մազ կա, ապա խնդիր չի օրական 100 մազ կորցնելը, սակայն, եթե այս ամենը տևական երևույթ է դառնում, ապա անհանգստանալու կարիք կա/,-այսօր archive2.ankakh.com-ի հետ զրույցում նշեց վարսահարդար Անահիտ Առաքելյանը:
Նրա համոզմամբ մազաթափությունը կարող է առաջանալ վատ սննդի, խիստ դիետաների և ոչ կանոնավոր սնվելու արդյունքում: Սննդի մեջ սպիտակուցների և երկաթի պակասն է հանգեցնում դրան: Սննդակարգում պետք է ներառվեն բանջարեղեն, ոսպ, կաթնեղեն, ձուկ և թռչնամիս: Մազաթափության այլ պատճառների շարքում կարելի է ընդգծել ուժեղ սթրեսները կամ հոգեբանական տրավմաները: Հաճախ դրանք կարող են կապված լինել հարզանների կամ աշխատավայրում անհաջողությունների հետ: Մազաթափությանը կարող են նպաստել նաեւ հորմոնալ փոփոխությունները, որոնք կատարվում են կնոջ օրգանիզմում հղիությունից հետո, հակաբեղմնավորիչ միջոցների օգտագործման դադարեցումից հետո:
Վարսահարդարի խոսքով հնարավորինս պետք է խուսափել մազերն ագրեսիվ սանրելուց, մազերի լաք, գել, ժելե, մազի ներկ, վարսահարդարիչ օգտագործելուց, քանի որ այս բոլորը վնասում են մազերը և նպաստում դրանց կոտրվելուն:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Tags: