Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը բազմիցս անդրադարձել է գործով նախաքննության հանգամանքներին` ներկայացնելով, թե ինչ պայմաններում է ընթացել նախաքննությունը, ինչ խախտումներով են կայացվել քննիչի որոշումները Սուրիկ Խաչատրյանի որդու և թիկնապահի նկատմամբ քրեկան հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ:
«Դիմելով դատարան և բողոքարկելով քննիչի որոշումները, մենք հույս ունեինք, որ դատարանը կիրականացնի արդար որոշում: Ճիշտ է, մենք պատկերացնում էինք, թե ինչ ճնշումներ կլինեն դատարանի նկատմամբ, բայց, այնուամենայնիվ, դիմեցինք դատարան: Դատարան դիմել ենք հոկտեմբեր ամսին և չորս ամիսների ընթացքում տեսանք, որ դատարաններից նույնպես դժվար է ակնկալել արդարադատություն, եթե խոսքը վեաբերում է այնպիսի անձանց, ովքեր որոշակի հովանավորչություններից են օգտվում: Մեր բողոքի քննությունը կասեցվեց: Դատարանը որոշեց, որ մեր բողոքը կքննի այն ժամանակ, երբ քննիչն ինքը ցանկություն կհայտնի դատարան ներկայացնել քրեական գործի նյութերը, իսկ քննիչը նման ցանկություն արդեն մի քանի ամիս է չի հայտնում: Դատարանը փաստում է, որ բողոքի քննությունն անհնար է առանց քննիչի կողմից գործի նյութերը ներկայացնելու և փոխարեն քննիչից պահանջի գործի նյութերը, պահանջում է բողոքի քննությունը կասեցնել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայկ Ալումյանը:
Փաստաբանի խոսքով` քրեական գործի նյութերը դատարան չներկայացնելը կարող է վկայել այն մասին, որ նյութերում կան այնպիսի տվյալներ, որոնց մասին քննիչը չի ցանկանում տեղեկացնել դատարանին, Բուդաղյանների հարազատներին և հասարակությանը: Դա ակնհայտ է, հակառակ դեպքում քննիչին ոչինչ չէր խանգարի:
«Մենք դիմել ենք Վերաքննիչ դատարան, որ վերանայի Առաջին ատյանի դատարանի որոշումը: Իհարկե, նման որոշումները սովորաբար նախապես համաձայնեցված են լինում և’ Վերաքննիչ, և’ Վճռաբեկ դատարանի հետ: Մենք որոշեցինք անցնել բոլոր դատարաններով, որպեսզի հետագայում կարողանանք դիմել Եվրադատարան»,- ասաց փաստաբանը:
Հարցին` ինչպե՞ս կգնահատեք Սուրիկ Խաչատրյանի ԵԿՄ վարչության անդամ դառնալու փաստը, Հայկ Ալումյանը նշեց, որ հարցն ավելի շատ քաղաքական բաղադրիչ ունի, և ինքը չի ցանկանում հարցի քաղաքական մասը մեկնաբանել, բայց, ըստ նրա, այդ հարցի մեջ կա նաև մի փոքր իրավաբանական բաղադրիչ: ԵԿՄ-ն հասարակական կազմակերպություն է, հետևապես ոչ ոք չի կարող որոշել, թե ո՞վ կլինի այդ կազմակերպության վարչության անդամ կամ ղեկավար, բացի միության անդամներից: Իսկ թե միության անդամները ի՞նչ չափորոշիչներ են հաշվի առնում, միգուցե անցած ուղին, անբասիր վարքը, նրանց ներքին խնդիրն է:
Tags: Բուդաղյանների գործ, իրավունք, սուրիկ խաչատրյան