Փետրվարի 16-ին Բաքվի կենտրոնում` նախկին Սովետսկի փողոցի 5 հազար բնակիչներ ցույց են կազմակերպել` բողոքելու քաղաքաշինական ծրագրերի իրականացման համար իրենց օտարված տների դիմաց առաջարկվող ցածր փոխհատուցման դեմ, հաղորդում է ադրբեջանական “Հագին” կայքը:
“Մեզ առաջարկում են ստանդարտ գին` 1,5 հազար մանաթ 1 քմ-ի դիմաց, իսկ մենք ընտանիքներ ունենք, որոնք, փաստաթղթերի համաձայն, ունեն 10-20 քմ: Ո՞ւր գնանք, ի՞նչ կգնենք 20-30 հազար մանաթով: Մենք պահանջում ենք նորմալ տուն տրամադրել”,- ասել է բնակիչներից մեկը:
Բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպման է դուրս եկել առաջին փոխվարչապետ Սամեդ Իսլամովը, որը փորձել է հանգստացնել ցուցարարներին` նշելով, որ որևէ մեկը նրանց բռնի ուժով չի արտաքսի տներից`ընդգծելով, որ կօտարվեն միայն այն բնակիչներից տները, որոնց կբավարարի փոխհատուցման չափը:
Ըստ տների սեփականատերերի` փոխհատուցման իրական չափը պետք է կազմի 2,5 հազար մանաթ` 1 քմ-ի դիմաց: Նրանք պահանջել են այս հարցը լուծել քաղաքակիրթ կերպով` հեմնվելով օրենքի վրա:
Ոստիկանությունը և տեղական պաշտոնյաները ներկա են եղել բողոքի ակցիային, սակայն չեն միջամտել։ Ցուցարարները հայտարարել են, որ առաջիկա շաբաթվա ընթացքում իրենք կսպասեն իշխանությունների արձագանքին և մեկ շաբաթից կրկին կհավաքվեն` բարձրաձայնելու իրենց խնդիրների մասին:
Ադրբեջանի իշխանությունները մտադիր են օտարել Սովետսկի փողոցի շուրջ 10 հազար ընտանիքների հին բնակարանները: Կայքը նշում է, որ դրանք հիմնականում մեկհարկանի տներ են, որոնք կառուցվել են ավելի քան 100 տարի առաջ: Տեղի բնակիչները չեն ցանկանում տեղափոխվել քաղաքի ծայրամաս:
Tags: ադրբեջան, սեփականության իրավունք, ցույց