Մաքսային Միությանն անդամակցելուց հետո Հայաստանում առաջին անհրաժեշտության ապրանքները, այդ թվում` շաքարն ու հացը չեն թանկանա: Փոխարենը, Մաքսային միության անդամ դառնալու դեպքում Հայաստանը որոշակի առավելություններ կունենա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը:
«Մոտ 70 տարի Հայաստանի ողջ ենթակառուցվածքն անուղղակիորեն կապված է եղել Մաքսային միության անդամ երկրներին: Արտաքին տրանսֆերտների մոտ 80 %-ը գալիս է Ռուսաստանից: Հայաստանը պետք է Ռուսաստանին նույնքան, որքան Ռուսաստանը՝ Հայաստանին: Մաքսային միության անդամ երկրների հետ բանակցային գործընթացը պետք է այնպես կառուցել, որ պահանջված լինենք այդ կառույցների համար»,-ասաց Վարդան Այվազյանը` հավելելով, որ, այնուամենայնիվ, պետք է ո’չ ռուսամետ լինել, ո’չ էլ եվրոպամետ, պետք է լինել հայամետ:
Վարդան Այվազյանի խոսքով` մի կարևոր հարց կա, որը պետք է լուծել միասնական քաղաքական ուժերով: Բանախոսի համոզմամբ` պետք է կազմակերպել ենթակառուցվածքների ինտեգրացված տեղադրում Հայաստանում, և Հայաստանը պահանջված դարձնել Մաքսային Միությունում:
«Պետք է այնպես անել, որ Հայաստանը պահանջված երկիր դառնա Մաքսային Միության երկրների շրջանում: Եվ հետո, այնպես չէ, որ մենք Ռուսաստանին պետք չենք»,- ասաց Վարդան Այվազյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Մաքսային միությանն անդամակցության ինտեգրման գործընթացների շրջանակներում` Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միացյալ կոլեգիայի հաջորդ նիստն անցկացվելու է Հայաստանում ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում:
Մաքսային Միության ֆոնին անդրադառնալով նաև գազային պայմանագրին` Վարդան Այվազյանը նշեց, որ շուտով ստեղծվելու է ժամանակավոր հանձնաժողով, որը պետք է վերահսկի գազի ցանկացած լուման: Հանձնաժողովը պետք ուսումնասիրի, թե ինչո՞ւ սահմանին 190 ԱՄՆ դոլարով ստացվող գազը բնակչությանը հասնում է 393 ԱՄՆ դոլարով:
Tags: Մաքսային միություն, Վարդան Այվազյան
