Հայաստանին մատակարարվող գազի կալորիականությունը երբեք 8000 Կկալ-ից ցածր չի եղել. ՀայՌուսգազարդ

Վարդան ՀարությունյանՀայաստանում գազի կալորիականության վերաբերյալ այսօր տեղի ունեցած կլոր սեղանի ժամանակ «ՀայՌուսգազարդ» ընկերության գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը հայտարարեց, որ Հայաստանին մատակարարվող գազի կալորիականությունը երբեք 8000 Կկալ-ից ցածր չի եղել:

Նրա խոսքով` ԳՈՍՏ 5542-87 համաձայն՝ Հայաստանին մատակարարվող գազի կալորիականությունը չի կարող 7600 Կկալ-ից ցածր լինել, սակայն այդ մինիմումը էապես գերազանցվում է:

Ընկերության գլխավոր ինժեներ Հրանտ Թադևոսյանի խոսքով` ռուսական գազի միջին կալորիականությունը կազմում է 8278 Կկալ/ քմ, իրանական գազինը՝ 8009:

«Գազի որակի մասին ինֆորմացիան հասանելի է յուրաքանչյուրին: Տասն  օրը մեկ ընկերությունը տեղեկություններ է հրապարակում հանրապետության մարզերում գազի միջին ջերմատվության վերաբերյալ»,- կլոր սեղանի ժամանակ ասաց «ՀայՌուսգազարդ» ընկերության գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը:

Այն նկատառմանը, թե «ՀայՌուսգազարդ» ընկերությունը, ամբողջությամբ պատկանելով «Գազպրոմին», ներկայացնում է Մոսկվայի շահերը և փոխկապակցված է Հայաստանի կառավարական պաշտոնյաների հետ, Վարդան Հարությունյանն այսպես պատասխանեց. «Ցանկանում եմ հայտարարել, որ քաղաքականությունում ո’չ ես կամ, ո’չ էլ իմ կողմից ղեկավարվող ընկերությունը: Մենք կապված չենք երկրում գործող որևէ կուսակցության հետ ու միայն տեխնիկական խնդիր ենք կատարում՝ բնակչությանը գազ մատակարարելով»:

Tags: , ,