Ապահովագրական վճարները չվճարելու համար տուգանվել են ավելի քան տասը տարի առաջ իրենց մեքենաները վաճառած մարդիկ

նկար ասուլիսիցԱյսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը և մի քանի տուժած վարորդներ` տեղեկացնելով, որ Ապահովագրական վճարները չվճարելու համար տուգանվել են ավելի քան տասը տարի առաջ իրենց մեքենաները վաճառած մարդիկ:

Վարորդները նման խնդրի առջև են կանգնել այն բանից հետո, երբ 2014-ի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել այն որոշումը, համաձայն որի` բոլոր մեքենաները պետք է ապահովագրվեն, անկախ այն բանից` օգտագործվո՞ւմ են, թե՞ ոչ:

Վարորդ Սարգիս Մաճկալյանի խոսքով` իր «ՎԱԶ 2105» մակնիշի մեքենան վաճառել է տոնավաճառում 1988 թվականին, որից հետո չի կատարել անվանափոխություն, միայն նոտարական գրասենյակում են առք ու վաճառքը հաստատել: Հիմա փաստաթղթերն այլևս չկան, չգիտի` այդ մարդուն որտեղի՞ց գտնի:

«Այն ժամանակ լիազորագիրը բավարար էր մեքենան վաճառելու համար: Ես ընդունում եմ, որ անվանափոխություն չկատարելն իմ սխալն է, բայց հիմա ես որտեղի՞ց գտնեմ այդ մեքենան: Ինչքա՞ն պետք է վճարեմ գոյություն չունեցող մեքենայի համար: Ոտիկանությունում ինձ ասացին, որ անպայման նոտարական հաստատմամբ փաստաթղթեր պետք է բերեմ, բայց այն ժամանակ «խելքս չէր հասնում», որ 20-30 տարի հետո նման խնդրի առջև պետք է կանգնեի, որ այդ թղթերը պահած լինեի»,- ասաց Սարգիս Մաճկալյանը:

Տիգրան Հովհաննիսյանն էլ նշեց, որ Ճանապարհային ոստիկանությունից վարորդներին տեղեկացրել են, որ գնան ու գտնեն իրենց մեքենաները:

«Բայց մարդիկ ո՞նց կարող են գտնել տարիներ առաջ վաճառած մեքենաները, Ճանապարհային ոստիկանությունը պետք է գտնի, իր ռեսուրսներն ավելի մեծ են»,- ասաց Տիգրան Հովհաննիսյանը` հավելելով, որ, եթե այդ փաստաթղթերը չլինեն կամ մեքենան չհայտնաբերվի, վարորդները ստիպված կլինեն 10 օրը մեկ 5 հազար դրամ տուգանք վճարել:

«Թող Ճանապարհային ոստիկանությունը հետախուզում իրականացնի և գտնի մեքենաները: Այդ կերպ միայն հարցը լուծում կստանա»,-եզրափակեց բանախոսը:

 

Tags: , ,