Աֆղանստանի նախագահը հրամայել է փոփոխել քրեական նոր օրենսգիրքը

hamid-karzai-afghanԵրկուշաբթի օրը Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի խոսնակը հայտնել է, որ նախագահը, ի պատասխան միջազգային նախազգուշացումներին, հրամայել է փոփոխություններ մտցնել քրեական նոր օրենսգրքում:

Աֆղանստանի խորհրդարանը ընդունել էր նոր քրեական օրենսդրություն, որը արգելում էր բարեկամներին վկայություն տալ բռնություն կիրառողի դեմ: Մարդու իրավունքների պաշտպան կառույցները և Աֆղանստանի մի շարք արևմտյան դաշնակիցներ՝ այդ թվում Միացյալ Նահանգները և Եվրոպական Միությունը, մտահոգություն էին հայտնել, որ նոր օրենսդրությունը կկասեցնի հետապնդումները կանանց նկատմամբ բռնությունների կիրառման դեպքում, որտեղ բարեկամները միակ ականատեսներն են:

Քարզայի խոսնակը հայտնել է, որ նախագահը տեղյակ է քննադատությունների բովանդակությանը և երկուշաբթի օրը կաբինետի հանդիպման ժամանակ հրամայել է փոխել օրենսդրությունը:

Նախագահի խոսնակը Associated Press-ին հայտնել է, որ օրենքը չի արգելի որևէ բարեկամի կամ ընտանիքի անդամի վկայություն տալ միմյանց դեմ, այլ նրանք ազատ կլինեն այդ հարցում:

Tags: ,