«Գազի խնդիրներով զբաղվող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը կտա հանրությանը հուզող բոլոր հարցերի պատասխանները». Հեղինե Բիշարյան

հեղինե բիշարյանՕԵԿ խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանն  այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ կոալիցիոն քաղաքական ուժերի որոշման համաձայն Ազգային Ժողովում կձևավորվի գազի խնդիրներով զբաղվող Գազամատակարաման համակարգերի գործունեությունների ուսումնասիրման ԱԺ ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրի և կտա գազի հետ առնչվող բոլոր հարցերի պատասխանները:

«Փետրվարի 21-ին բոլոր քաղաքական ուժերը խորհրդակցության են լինելու ԱԺ նախագահի մոտ, իսկ փետրվարի 24-ից արդեն հանձնաժողովը կանցի աշխատանքի, այն կունենա նախագահ, տեղակալ և բաղկացած կլինի տարբեր խմբակցությունների ներկայացուցիչներից: Հանձնաժողովը կաշխատի մինչև նոյեմբեր ամիսը: Հանձնաժողովը բոլոր հարցերի պատասխանը կտա հանրությանը»,-վստահեցրեց Հեղինե Բիշարյանը, ապա հավելեց, որ նախնական պայմանավորվածության համաձայն` հանձնաժողովի անդամներից չորսը կլինեն ՀՀԿ-ից, մեկական անդամ էլ մնացած կուսակցություններից:

Հարցին` ինչո՞ւ իշխող կուսակցությունն ընդառաջ չգնաց հանձնաժողով ձևավորելու ընդդիմադիր ուժերի ավելի վաղ արած առաջարկին, արդյո՞ք հակառակվելու պատճառ կա՞ր, Հեղինե Բիշարյանը պատասխանեց. «Հակառակվելու պատճառ չկա, պետք չէ հակադրության մեջ դիտել այս խնդիրը: Ուղղակի կոալիցիոն ուժերը աշխատեցին մեկ համալիր նախագծի վրա, ավելի շատ մանրամասնեցին գազի հետ կապված խնդիրները, որպեսզի որևէ թիրախ բաց չմնա: Բացի գոյացած պարտքից ու գազի գնից, կան բազմաթիվ այլ հարցեր, որոնք պետք է ուսումնասիրվեն ու հանրությանը ներկայացվեն: Երբ բոլոր հարցերը կգտնեն իրենց պատասխանները, այլևս կարևոր չի լինի, թե ո՞ւմ կողմից է ձևավորված այդ հանձնաժողովը»:

Այն նկատառմանը` արդյո՞ք համամասնությունը խախտված չէ, երբ ՀՀԿ-ն ձևավորվող հանձնաժողովում ունի 4 անդամ, իսկ մնացած խմբակցությունները մեկական, Հեղինե Բիշարյանը պատասխանեց. «Նաիրա Զոհրաբյանն առաջարկել է իրենց խմբակցությունից երկու անդամ ներգրավվել, որովհետև իրենք համամետաբար մեծաքանակ ուժ են ԱԺ-ում, ԱԺ նախագահն էլ, կարծես թե, սկզբունքորեն դեմ չէ դրան: Իսկ մեր կուսակցությունից հանձնաժողովի աշխատանքերին կներգրավվի Հովհաննես Մարգարյանը»:

Tags: , , ,