«Մինչև ապրիլ պետք է համազգային կոնսոլիդացիա ձևավորել, քանի որ միայն միասնությամբ կարելի է հասնել հայոց փրկության». Րաֆֆի Հովհաննիսյան

Raffi Hovhannisyan delivers the national annual address at Ani Plaza Hotel «Ժառանգություն» կուսակցության նախագահ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հանդես եկավ ազգային տարեկան ուղերձով։ Իր ելույթի սկզբում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ մինչև ապրիլ պետք է համազգային կոնսոլիդացիա ձևավորել, քանի որ միայն միասնությամբ կարելի է հասնել հայոց փրկության։

«Քանի դեռ ուշ չէ, տակավին չենք մոտեցել վտանգավոր և անթույլատրելի քաղաքացիական պատերազմի շեմին, մենք պետք է այլ համապետական լուծում գտնենք այսօրվա ճգնաժամից դուրս գալու համար: Մենք միասին պետք է ճեղքենք այս փակ շրջանը։ Մեկ տարի առաջ այս օրը՝ փետրվարի 18-ին, տեղի ունեցան նախագահական ընտրություններ։ Փետրվարի 18-ը անցյալի և ապագայի ճգնաժամն է։ Պատմության համար մեկ տարին ակնթարթ է, բայց բավականաչափ ժամանակ՝ հաշվելու անցյալի ուղին, դասեր քաղելու մեր վրիպակներից և կշռադատելու մեր անելիքը։ Որտե՞ղ սայթաքեցինք, որտե՞ղ է մեր շահածը, ի՞նչ ունենք առաջարկելու հանրությանն ու քաղաքական ուժերին։ Հավաքվել ենք հաշիվ տալու։ Ամենամեծ փառքին արժանանում է ոչ թե նա, ով երբեք չի ընկնում, այլ նա, ով կարողանում է ոտքի կանգնել ընկնելուց հետո»,-իր ելությում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Նրա խոսքով «Ժառանգությունը» չի լքել մարտադաշտը։ Պետք է մեկընդմիշտ հասկանալ, որ անհնար է որևէ կերպ «Ժառանգությանը», «Բարև Երևանին» և մեր գործընկերներին հետ պահել արդար պայքարի ուղուց։ «Ժառանգությունը» միշտ եղել է և այսուհետ կլինի քաղաքացիական հոսանքների, պանծալի երիտասարդների ու ազատամարտիկների կողքին, նրանց կուռ շարքերում:

Անդրադառնալով երկրի առջև ծառացած խնդիրներին` Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ ապօրինի իշխանությունը մեկուսացնում և վարձակալության է տալիս երկիրը. այն, ինչ ունենք ներկայում, անցյալ տարվա փետրվարի ապօրինի իշխանության արդյունքն է: Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ գերիշխում է վասալային, փոխզիջումային գործընթացը։

«Մի գիշերվա մեջ գիծ քաշվեց Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի շրջանակներում կատարված տևական աշխատանքի վրա՝ հօգուտ Մաքսային Միության մշուշոտ ապագայի, որտեղ, ինչպես պարզվեց, մեզ այդքան էլ չէին սպասում: Գոնե Արցախի անկախության հեռանկար լիներ, դա էլ չկա»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Tags: , ,