«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հանդես գալով տարեկան ազգային ուղերձով` հայտարարեց, որ երկրում ավելացող քաղաքացիական շարժումները զգուշացնում են, որ վարչակազմի ջանքերը դատապարտված են անհաջողության։
«Մենք ոչ մի տեղ չենք գնա, կազատագրենք և ժողովրդին կվերադաձնենք նրա ոտնահարված իրավունքները։ Հայ ժողովուրդը գիտի՝ ինչպես դա անել: Մեզ արդեն ոչ ոք չի կարող խաբել, մեր խնդիրը կամքի ազատ արտահայտության համար պայմաններ ապահովելն է։ Թյուր կարծիք է ձևավորվել, որ ոչինչ փոխել հնարավոր չէ, ոչ՝ հնարավոր է»,-իր ուղերձում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։
«Ժառանգության» առաջնորդը նշեց, որ այսօր տարբեր ուժեր ու միավորումներ աշխատում են կորցրածը հետ բերել և նոր իրավիճակ ստեղծել` շատերն անհնազանդության ալիք բարձրացնելով, շատերն էլ այլընտրանքային իշխանության ստեղծելու կոչերով:
«Անցյալ ընտրություններին մի մազաչափ հնարավորություն էր պակասում: Գոնե ընտրատեղամասերում բոլոր ընդդիմադիրներն իրենց պարտականությունները կատարեին, իհարկե, շատերը կուրծք տվեցին, շատերն էլ տրվեցին գայթակղությանը: Ինչպես առաջ, այնպես էլ այսօր ես այն կարծիքին եմ, որ պետք է իջեցնել քաղաքական դրոշները: Դա պայքարի արդյունավետ միջոց է, վստահ եմ՝ իրական քաղաքական ուժերն էլ այդ պայքարի ձևին կհանգեն»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` հրամայական է դարձել ժողովրդի օրինավոր մեծամասնության հետ մեկտեղ իրականացնել Սահմանադրական հեղափոխություն՝ քաղաքական ու քաղաքացիական լայն համագործակցություն հանուն ինքնիշխանության շահի, հանուն սուրբ նահատակների ու երեխաների։ Օդ ու ջրի պես անհրաժեշտ է միացյալ հրապարակի կայացումը:
Tags: Ժառանգություն կուսակցություն, Րաֆֆի Հովհաննիսյան