Վազաշեն-Պառավաքար ճանապարհը կրկին գնդակոծվել է

101220131(1)Այսօր կեսօրին մոտ հակառակորդը խոշոր տրամաչափի զինատեսակներով գնդակոծել է Վազաշեն-Պառավաքար ճանապարհահատվածը: Բարեբախտաբար, կրակոցների ժամանակ այդ ուղղությամբ երթևեկ չի իրականացվել, զինվորական ու քաղաքացիական ավտոմեքենաներ չեն անցել, ուստի հայկական կողմից տուժածներ չկան: Հայ դիրքապահները հակառակորդին տվել են համարժեք հակահարված:

Վազաշենի գյուղապետ Լորիկ Բադիրյանը Անկախի հետ զրույցում ընդգծել է, որ այս պահին կրակոցներ չկան: Նա  հրադադարի ռեժիմի խախտումների մասին հարցին խուսափել է պատասխանել՝ նշելով, որ տեղեկություններն ավելի լավ է ճշտենք Բերդի տարածաշրջանից: «Մի սար էն կողմ զանգահարեք»,-կես կատակ ասել է Բադիրյանը:

Այնուհետև մեր թղթակիցը փորձել է կապ հաստատել Պառավաքարի համայնքի ղեկավարի հետ: Նրա վարորդը հայտնել է, որ գյուղապետը սարերում է, հեռախոսը չի կարող փոխանցել: Իսկ Վազաշեն-Պառավաքար ճանապարհով հաճախ`գրեթե ամեն օր, երթևեկող վարորդներից հնարավոր է եղել ճշտել, որ գնդակոծությունների մասին լուրերը արդեն երկու օր է՝ պտտվում են: Եվ չնայած դրան, Բերդից Իջևան կամ Երևան ու հակառակ ուղղությամբ երթևեկությունը իրականացվում է Վազաշենով: «Դե Աստծո հույսին, էլի, կարելի ա ասել՝ ճամփեն կիսափակ ա, մեկ էդտեղով ենք գնում-գալիս, մեկ՝ Ճամբարակով»,-նշել են Բերդից Երևան ուղևորներ տեղափոխող վարորդները:

Ավելի ուշ Անկախ-ի հետ զրույցում ճանապարհահատվածի գնդակոծման մասին լուրը հաստատել է նաև ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության փետրվարի 6-ի որոշմամբ  ռազմավարական նշանակություն ունեցող Վազաշեն-Պառավաքար 3.2 կմ ընդհանուր երկարությամբ այլընտրանքային ավտոճանապարհի կառուցման համար հատկացվել էր  535, 7 մլն դրամ: Ակնկալվում է, որ ճանապարհը վերջնականապես պատրաստ կլինի  ամռանը:

 

Անկախ

 

 

Tags: , ,