Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն ընդդիմությանը կոչ է արել հանուն երկրի ապագայի` փոխզիջման գնալ: Յանուկովիչի դիմումը հրապարակվել է այսօր, նախագահի կայքում: Այս հայտարարությունն առաջին հրապարակային ռեակցիան է փետրվարի 18-ից սկսված բախումների առիթով, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի:
“Այո, մենք արդեն զոհերին չենք կարող վերադարձնել: Այո, մենք չափազանց թանկ ենք վճարել այն մարդկանց հավակնությունների համար, որոնք իշխանության են ձգտում: Սակայն, որպեսզի այդ գինն այլևս չբարձրանա, կոչ եմ անում` սթափվեք: Ապագա սերունդները մեզ չեն ների, եթե մենք քանդենք այն պետությունը, որը պետք է նրանց պատկանի , մեր ժառանգներին”,-ասվում է դիմումում:
Ուկրաինայի նախագահի խոսքով, նա “դիմադրության սկզբից երկխոսության կոչ է արել` դեմ լինելով հակառակորդների ուժային տարբերակներին, առավել ևս` արյունահեղությանը”: Ընդ որում, ինչպես նշում է Յանուկովիչը, իր խորհրդականները փորձում են իրեն հակել դաժան տարբերակի` ուժի կիրառմանը: Սակայն, ինչպես ասում է նախագահը,”կա ավելի լավ ու արդյունավետ միջոց` գտնել ընդհանուր լեզու: Փոխզիջման գնալ: Պայմանավորվել”:
Ընդ որում, նա կատարվածի համար ընդդիմության առաջնորդներին է մեղավոր համարում:
Իր ուղերձում նա ցավակցություն է հայտնել բախումների հետևանքով զոհվածների ընտանիքներին ու հարազատներին:
Փետրվարի 19-ին տեղի է ունեցել Ուկրաինայի նախագահի ու ընդդիմադիր “Հարված” կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոյի հանդիպումը: Բանակցություններից հետո Կլիչկոն հայտարարել է, որ Յանուկովիչը տիրող իրավիճակին “բացարձակ ոչ ադեկվատ” է արձագանքում:
Ուկրաինայի մայքաղաքում փետրվարի 18-ի առավոտյան դաժան բախումներ են սկսվել ընդդիմադիրների կողմնակիցների ու իրավապահ մարմինների աշխատակիցների միջև: Պաշտոնական տվյալների համաձայն, զոհվել է 7 միլիցիոներ ու 11 ցուցարար, 100-ավոր մարդիկ են վիրավորվել:
Tags: բանակցություններ, Յանուկովիչ, Ուկրաինա