Մեծամորի ատոմակայանի աշխատակիցները 400 ստորագրությամբ դիմում-նամակ հանձնեցին ՄԻՊ խորհրդականին

ատոմակայանի աշխատակիցների բողոքի ակցիանՔիչ առաջ Մեծամորի ատոմակայանի աշխատակիցները  պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ցույց էին անում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի առաջ: Բողոքի ցույցի մասնակից աշխատակիցների աշխատավարձերից հունվար ամսին 5 տոկոսի չափով պահումներ են արվել:

Ատոմակայանի աշխատակիցները  պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ ուղղված մոտ 400 ստորագրությամբ դիմում-նամակ հանձնեցին Մադու իրավունքների պաշտպանի խորհրդական Տաթևիկ Խաչատրյանին: ՄԻՊ խորհրդականն էլ խոստացավ աշխատանքային 10 օրվա ընթացքում պատշաճ կարգով պատասխանել դիմում-նամակին:

Մեզ հետ զրույցում ատոմակայանի երիտասարդ աշխատակիցներից Տիգրան Հայրապետյանը նշեց, որ հունվար ամսվա իր աշխատավարձից 20 000 դրամի չափով պահում է արվել:

«Մենք բողոքում ենք ոչ թե մեր ղեկավարությունից, այլ մեր իշխանությունից: Մենք պայքարում ենք ոչ թե մեր ղեկավարության դեմ, այլ մեր իշխանությունների: Մենք մեր ղեկավարության հետ խնդիրներ չունենք, նրանք մեզ չեն վախեցնում կամ չեն սպառնում աշխատանքից հեռացնել»,- ասաց Տիգրան Հայրապետյանը:

Ատոմակայանի աշխատակցներն անընդհատ կրկնում էին, որ իրենք ստրուկներ չեն և թույլ չեն տա, որ այս իշխանությունները նման օրենքների ընդունմամբ իրենց ստրուկի տեղ դնեն:

«Մենք պայքարելու ենք մինչև վերջ, ատոմակայանի աշխատանքը մեր պայքարից չի տուժի, ատոմակայանը կշարունակի աշխատել այնպես, ինչպես աշխատել է նախկինում»,- ասացին աշխատակիցները:

Tags: , , ,