Հայաստանի առջև ծառացած լուրջ խնդիրներից է ՌԴ-ում միգրանտների մասին օրենքի փոփոխությամբ Ռուսաստանից Հայաստան վերադարձող պոտենցիալ հայ միգրանտների հարցը: Այդ օրենքով Հայաստանում մարդկանց եկամուտները կնվազեն, իսկ աղքատների և գործազուրկների թիվը կմեծանա։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մտահոգություն հայտնեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Նրա խոսքով՝ եթե անգամ հայ միգրանտերի 100 000-ը Հայաստան վերադառնա, այդ զանգվածը զգալիորեն կազդի գործազրկության վրա, կնվազեն ընտանիքների եկամուտները, կբարձրանա աղքատության մակարդակը:
«Այդուհանդերձ Կառավարության կողմից ճկուն մոտեցում այս հարցում ես չեմ տեսնում, տպավորություն է ստեղծվել, թե Կառավարությունը տիրապետում է իրավիճակին», – ասաց Գագիկ Մակարյանը:
Անդրադառնալով ՀՀ Մաքսային Միությանն անդամակցությանը՝ Գագիկ Մակարյանը նշեց, որ ինքը դեմ է բանակցությունների այդ ձևին: «Ստացվում է, որ Ռուսաստանը մեզ տվել է կոնսպեկտ, և այդ կոնսպեկտի վրա մենք աշխատում ենք: Գոյություն ունի բանակցությունների մշակույթ, այդպես բանակցություններ չեն վարում, դա հարկադրանք է»,- ասաց Գործատուների միության նախագահը:
Ինչ վերաբերում է ՄՄ շրջանակներում ապրանքների մաքսատուրքերին, ըստ Գագիկ Մակարյանի, ոչ թե ռուսական կողմը պետք է մեզ ցուցակ տա, այլ Հայաստանը իր հերթին պետք է ցուցակ ներկայացնի, որով կսահմանվի Հայաստանից արտահանվող ապրանքների գինը:
«Ռուսական կողմը վարպետորեն մշակել է ապրանքների ցուցակ, որն ակամայից առաջացնում է հարկադրական վիճակ: Ընդ որում, խոսակցություն չի գնում ապրանքների մրցունակության մասին: Իսկ մեզ պետք է տնտեսության մեջ զարգացնել մրցունակ ապրանքներ, բայց ստացվում է, որ Հայաստանը հարկադրված է վերցնել այն, ինչ տալիս են»,- ասաց Գագիկ Մակարյանը՝ հավելելով, որ նախորդ տնտեսական տարին անորոշության տարի էր, այդ անորոշությունը կշարունակվի մինչև 2014-ի առաջին կեսը:
Tags: գործազրկություն, Մաքսային միություն, միգրացիա