Դիպուկահարների ակտիվության պատճառներն ակնհայտ են. քաղաքական մեկնաբան

131946

Քաղաքական մեկնաբան Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքում գրել է.

“ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հայտարարել է, որ վերջին շրջանում սահմանագծին դիպուկահարների ակտիվություն է նկատվում: Ընդգծելով դիպուկահարներին առաջին գծից դուրս բերելու անհրաժեշտության մասին՝ դիվանագետը նշել է, որ երկու կողմն էլ պատասխանատվություն են կրում մահվան ելքով պատահարների համար:

«Դիպուկահարների դուրս բերումը կյանքեր կփրկի և էականորեն կնվազեցնի լարվածության մակարդակը: Համաձայնելով դուրս բերել դիպուկահարներին՝ կողմերը կնպաստեն միմյանց միջև վստահության ստեղծմանը` բարենպաստ պայմաններ ստեղծելով արդյունավետ բանակցությունների համար»,-ասել է Կասպրշիկը:

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը, խոսելով դիպուկահարներին առաջնային գծից դուրս բերելու անհրաժեշտության և կարևորության մասին, միաժամանակ անուղղակիորեն մեղադրել է Ադրբեջանին` լարվածության լիցքաթափմանն ուղղված քայլեր չձեռնարկելու, դրանով իսկ մահվան ելքով պատահարների պատճառ հանդիսանալու համար:

Չնայած այն հանգամանքին, որ դիվանագետը խոսում է «կողմերի» պատասխանատվության մասին, այդուհանդերձ, նկատի ունենալով հանգամանքը, որ հայկական կողմը, ամենաբարձր մակարդակով, պաշտոնապես համաձայնություն է հայտնել դիպուկահարներին դուրս բերելու առաջարկի վերաբերյալ, հասկանալի է, որ Կասպրշիկն անուղղակի ձևով քննադատության սլաքն ուղղում է Ադրբեջանի ուղղությամբ: Հակառակ դեպքում դիվանագետի` «կողմերին» ուղղված կոչ-­մեղադրանքն անհեթեթ կդիտվի:

Մի քանի խոսք դիպուկահարների` առաջնային գծում ներկայության և ակտիվության մասին:

«Դիպուկահարների ակտիվություն» ասվածը բավականին լայն հասկացություն է: Ու այս դեպքում դեռ պետք է սահմանել, թե դիպուկահարների ակտիվությունն ինչպես է դրսևորվում: Հասկանալի է, որ դիպուկահարները և՛ պաշտպանական (նաև պահպանություն իրականացնելու դեպքում), և՛ հարձակվողական գործողություններում կարևոր դերակատարություն ունեցող ուժեր են, և հայկական կողմը չի կարող միակողմանի ընդունել առաջարկը` դուրս բերելով առաջնագծից:

Մյուս կողմից պետք է հաշվի առնել հետևյալը. եթե Ադրբեջանը դիպուկահարներին օգտագործում է ագրեսիա սանձազերծելու ու հայկական կողմին վնասներ հասցնելու համար` նպատակ ունենալով առավել թեժացնել իրավիճակը առաջին գծում, ապա հայկական կողմը դիպուկահարաներին հիմնականում «մարտի է նետում» հակադիպուկահար քայլերի ու պատժիչ գործողությունների իրականացման համար:

Դիպուկահարներին առաջնագծից դուրս բերելու առաջարկը հստակ է, և Ադրբեջանը մանևրելու առանձնապես մեծ դաշտ չունի: Այս խնդիրն առաջնային է, և միջնորդները բանակցային գործընթացի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու որպես առաջին նախապայման պետք է հասնեն այս առաջարկի երկկողմ ընդունմանը”,-գրել է նա:

 

Անկախ 

Tags: , , ,