Քաղաքապետարանը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում տարեցներին, հաշմանդամներին, արցախյան պատերազմում զոհվածների ընտանիքներին, բազմազավակ ընտանիքներին, անօթևաններին, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներից ազատ արձակված անձանց, որոնց հետ սոցիալական կանխարգելման ուղղությամբ մի շարք աշխատանքներ է տանում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը:
Նրա տեղեկացմամբ` 2013-ին մայրաքաղաքում հաշվառվել է 21 706 կարիքավոր ընտանիք, որոնցից 19 902-ին տրամադրվել է ընտանեկան նպաստ և հրատապ դրամական օգնություն: 2013-ի փաստացի ծախսը կազմում է 4 մլրդ 945 մլն դրամ:
Երեխաներին տրվող ծննդյան նպաստների համար 2013-ին 13 065 ընտանքիներ դիմել են սոցիալական ծառայություններ: Նախորդ տարի երեխաներին տրվող միանվագ նպաստները կազմել են 1 մլրդ 256 մլն դրամ:
«Կառավարության համապատասխան որոշմամբ` 2014-ի հունվարի 1-ից հետո ծնված երեխաներին միանվագ ծննդյան նպաստներ հետայսու կվճարվեն սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային մարմինների կողմից: Իսկ մինչ 2014-ը ծնված երեխաների նպաստները կշարունակվեն վճարվել սոցիալական ծառայության տարածքային բաժինների միջոցով: Մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար 2013-ին 5522 մայրերի, որոնք գտնվում են երեխաների խնամքի արձակուրդում, վճարվել է 1 մլրդ 372 հազար դրամի չափով երեխայի խնամքի նպաստ»,- ասաց Ռուզաննա Զաքարյանը:
Նրա խոսքով` Երևանում 5 ազգային հերոսների ընտանիքներ, 29-ը մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանով պարգևատրվածների ընտանիքներ և 11 մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանով պարգևատրվածների ընտանիքներ, թվով 45 ընտանիքներ, 59 մլն դրամի չափով պետական նպաստ են ստացել: Բացի այդ, 2013-ին 230 ընտանիքներ ավանդների դիմաց 25 մլն դրամի չափով փոխհատուցում են ստացել:
Tags: Երևանի քաղաքապետարան