ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովը չտվեց դրական եզրակացություն Նաիրիտի խնդրով ժամանակավոր հանձնաժողով գումարելու հարցին

նաիրիտԱյսօր կայացավ ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նիստը: Նիստի օրակարգում էր նաև «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի խնդիրը մեկընդմիշտ հստակեցնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կազմելու հարցը: Հիմնական զեկուցող պատգամավոր Արծվիկ Մինասյանը իր խոսքում շեշտեց հանձնաժողովի կազմման կարևորությունը. «Մենք զրուցել ենք էներգետիկայի նախարարի հետ, սակայն վերջինս աննպատակահարմար է համարում այս պահին հարցի քննարկումը, քանի որ բանակցություններն ընթացքի մեջ են: Կարծում ենք, որ այս կարևորագույն հարցում Ազգային ժողովը պետք է արտահայտի իր դիրքորոշումը»:

Հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հակադարձեց Արծվիկ Մինասյանին. «Նման քննարկումը ընդամենը խոսակցությունների ու քաղաքական շահարկումների տեղիք է տալիս, փոխարենն առաջարկում եմ դիմել իրավապահ մարմիններին ՝ պատասխանատուներին պատժելու գործընթաց սկսելու համար, սպասել մինչև բանակցությունների ավարտը: Ինձ հավատու՞մ եք, չէ՞: Ես Ձեզ խոստանում եմ, որ այդ դեպքում հենց առաջին իսկ առաջարկի դեպքում այս հարցը կմտցնեմ մեծ օրակարգ»:

Արծվիկ Մինասյանը արձագանքեց`շեշտելով, որ բանակցությունների ավարտի ժամկետն անորոշ է և առաջարկեց կոմպրոմիսային տարբերակ՝ տնտեսական հանձնաժողովի դրական եզրակացությմաբ հարցը մտցնել քառօրյա, սակայն քննարկել այն աշնանը: Այս տարբերակը հանձնաժողովը չընդունեց:

Նիստից հետո Արծվիկ Մինասյանը լրագրողներին հայտնեց, որ իրենք պատրաստվում են դիմել հանձնաժողովի նախագահին՝ այս հարցի արտահերթ լսումների պահանջով:

Անկախ

Tags: ,