Յուրաքանչյուրիս մոտ գալիս է մի պահ, երբ մենք ուզում ենք դուրս գալ մեր աշխատանքի վայրից կամ բնակարանից ու հայտնվել մի հետաքրքիր վայրում, որի մասին անգամ չէինք էլ մտածել կամ երազել,-այսօր archive2.ankakh.com-ի հետ զրույցում տուրիզմի մասին նշեց տուրմենեջեր Նինել Գալուստյանը:
Տուրիզմի տեսակներից մեկը` արկածային տուրիզմը միավորում է ճանապարհորդության այն տեսակները, որոնք կապված են ակտիվ հանգստի հետ եւ որոնց նպատակն է ստանալ նոր տպավորություններ և բարելավել ֆիզիկականը։ Արկածային տուրիզմի առանձին տեսակ է էքստրեմալ տուրիզմը, որը գնալով դառնում է ավելի ու ավելի հայտնի ամբողջ աշխարհում։ Ավելի շատ մարդիկ են ձգտում տեսնել ստորջրյա աշխարհի գեղեցկությունը, դահուկերով իջնել լեռան գագաթից և նույնիսկ ցատկել պարաշյուտով։
Նինել Գալուստյանի խոսքով եվրոպայում տուրիզմի այս տեսակը շատ արագ զարգանում էր 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին, Ռուսաստանում՝1990-ականների կեսերին, իսկ մեզ մոտ այն դեռ նոր է սկսում զարգանալ։ Չնայած տարեց տարի տուրիզմի այս տեսակը դառնում է ավելի հայտնի, զբոսաշրջիկները հիմնականում նախընտրում են այնպիսի տուրիզմի տեսակներ ինչպիսիք են, էքսկուրսային, ճանաչողական, ծովափնյա և այլն։ Իսկ դրա պատճառն այն է, որ շատերը դեռ չգիտեն, թե ինչ է իր մեջ նեռարում էքստրեմալ տուրիզմը, որտեղ կարելի է մեկնել և ինչքան դա կարժենա։
Այժմ Հայաստանում տուրիզմի այս տեսակը շատ զարգացած չէ, բայց կան բոլոր նախադրյալները այստեղ այն զարգացնելու համար։ Վերջերս ամերիկյան National Geographic կազմակերպությունը կատարել է վիճակագրություն տուրիզմի վերաբերյալ և պարզ է դարձել, որ էքստրեմալ տուրիզմի լավ պայմաններ ունեցող երկրների մեջ Հայաստանը զբաղեցնում է 3-րդ տեղը։ Հայաստանում մասնավորապես կարելի է զարգացնել ալպինիզմը։
Հայաստանը եզակի երկիր է, որտեղ տուրիզմը ձեռք է բերում բացառիկ հետաքրքրություն: Այստեղ բացի բնության գեղատեսիլ վայրերից, կան նաև բազմաթիվ պատմական հուշարձաններ, որոնք ունեն կարևոր նշանակություն ոչ միայն հայ ժողովրդի, այլև համայն մարդկության համար՝ ինչպես պատմա-մշակութային, այնպես էլ հոգևոր առումով:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ
Tags: ալպինիզմ, Հայաստան