Գիրք գնելու համար անգամ վերջին կոպեկը չարժե խնայել

գրքի օրՀայաստանում փետրվարի 19-ին նշվեց գիրք նվիրելու օրը: Օրը խորհրդանշական է, քանի որ նաև Հայոց մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է:  Արդեն 6-րդ տարին է, որ այսօրը  նշվում է որպես «Գիրք նվիրելու օր»:

Այդ օրվա կապակցությամբ գրախանութ «Բուկինիստը»  մի շարք միջոցառումներ անցկացրեց և անակնկալներ մատուցեց իր հաճախորդներին: Ժամը 13-ից 15-ը գրախանութի մուտքի մոտ մեծ բազմություն էր հավաքվել: Հնչում էին գրականությանը վերաբերող հարցեր և մարդիկ դրանց սիրով պատասխանում էին: Երիտասարդներից շատերը գրախանութոում էին հենց գիրք գնելու և այն նվիրելու նպատակով:

«Գիրքն ինձ համար մի այլ աշխարհ է…ես կարդալիս կարծես վերանում եմ իրական կյանքից ու մոռանում առօրյա խնդիրնրս»,- մեզ հետ զրույցում նշեց Պետրոսյան Արմինեն, ով այդ պահին գիրք էր ընտրում իր սիրած էակի համար.

«Ես համոզված եմ, որ իմ ընտրյալն էլ է հիմա նույն գործով զբաղված:  Նա էլ է ինչ-որ գրախանութում իմ համար գիրք ընտրում… »:

«Բուկինիստ» գրախանութի տնօրեն Խաչիկ Վարդանյանը կարծում է, որ նման օրերի առկայությունն անվիճելիորեն նպաստում է ընթերցանության զարգացմանը և գրքի նկատմամբ  դրական վերաբերմունքի աճին.

« Տարեցտարի հետաքրքրությունը մեծանում է, ավելի շատ գիրք են վաճառում ինչպես այս, այնպես էլ սրան նախորդող երկու օրերի ընթացքում »:

Նվեր-գրքերի թիվը մոտ 600 էր: Մեկական գիրք գնելու պարագայում հաճախորդը որպես նվեր ևս մեկ գիրք էր ստանում:  Մեծ թվով մանկական ու գեղարվեստական գրքեր էին վաճառվել, սովորաբար խանութոում բոնուսային քարտեր ստանում էին  10 հազար դրամ եւ ավելի գնումներ կատարողները, բայց այսօր ամեն մի գնում կատարողը ստացել է այդ քարտը:

55 ամյա Գարեգին Ստեփանյանի խոսքով մեծ տարբերություն կա այսօրվա եւ երեկվա սերունդների միջև: Նախկինում գիրք կարդալն ուղղակի անհրաժեշտություն էր, իսկ այժմ նորաձևություն, համեմատվելու միջոց: Տեխնոլոգիական նորամուծությունների պատճառով գիրքը կորցրել է իր նախկին հմայքն ու հետաքրքրությունը:

Նրա պնդմամբ հնում գիրքը գանձ էր, որը ընկերներով փոխանցում էին միմյանց ու փորձում էին ինչքան հնարավոր է արագ կարդալ ու  յուրացնել նրա պարունակությունը, որովհետեւ  դա էր զարգացվածության ու գրագիտության չափանիշը: Գիրք գնելու համար անգամ վերջին կոպեկը չարժե խնայել:

Գրախանութի գովազդային մենեջեր Անի Ղազարյանն էլ խոսեց գրախանութի կողմից կազմակերպված «Իմ ամենասիրելի գիրք» ծրագրի մասին.

«Մարդիկ մեր ֆեյսբուքյան էջում տեղադրում էին իրենց սիրած գրքի լուսանկարը կամ իրենց նկարը իրենց սիրած գրքի հետ, և ամենաշատ «հավանում» ստացած նկարներն այսօր կարժանան մրցանակների»,- ասաց նա` հավելելով, որ սրանով փորձում են ինչպես գրքի հանդեպ հետաքրքրությունը մեծացնել, այնպես էլ տեսնել, թե ինչ նախընտրություններ ունեն այսօր ընթերցասերները:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

 

 

Tags: ,