Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները մեզ երկու աղբյուրից են հասնում՝ ռուսական և պրոռուսական մամուլից և արևմտյան մամուլից: Ռուսական և պրոռուսական մամուլը դատապարտում է ծայրահեղականներին, իսկ արևմտյան մամուլը՝ իշխանություններին և նրա թիկունքում կանգած Ռուսաստանին: Ուկրաինայում տեղի ունեցաող իրադարձությունները կարելի է անվանել սառը պատերազմ լայթս: Լայթս, քանի որ կողմերը գտնվում են տարբեր քաշային կարգերում: Ակնհայտ է, որ ռուսական թևը բավականին թույլ է, արևմտյան թևը բավական ուժեղ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը:
Քաղաքագետի կարծիքով`Ուկրաինայում տեղի ունեցող դիմադրությունը հեշտ մարող չէ: Այնտեղ ձևավորվել է հասարակական երկու խավ, երկիրը պառակտված է նաև աշխարհագրորեն:
«Եթե երկու ամիս առաջ բացառում էի Ուկրաինայի հնարավոր տրոհումը, հիմա ավելի հավանական եմ համարում, որ այն երկու մասի տրոհվի: Ուկրաինայի ժողովրդի մեծ մասը համակերպվել է, որ հանուն անկախության կարող է որոշ տարածքներ զիջել:
Ես դա ողբերգական չեմ համարում. կարող է լինել երկու Ուկրաինա, կան երկու տասնյակ արաբական երկրներ, մենք էլ ունենք երկու Հայաստան՝ ՀՀ և ԼՂ: Եթե դա է բերելու խաղաղություն և կայունություն՝ թող լինի: Դա ավելի ճիշտ է, քան քաղաքացիական պատերազմը: Եթե պետք է երկիրը տրոհվի, ավելի լավ է անարյուն»,- ասաց Արա Պապյանը:
Անդրադառնալով Ուկրաինային ուղղված Արևմուտքի աջակցությանը՝ Արա Պապյանը նշեց, որ եթե Արևմուտքը Ռուսաստանին ընկալի որպես թշնամի, Ռուսաստանը կարժանանա Խորհրդային միության ճակատագրին:
