«Ուկրաինան ավելի շատ նմանություններ ունի Լիբիայի, քան Հայաստանի հետ». Ալեքսանդր Իսկանդարյան

Ալեքսանդր ԻսկանդարյանԿովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Ուկրաինայում տեղի ունեցող արյունալի զարգացումներին և համեմատական անցկացնելով Ուկրաինայի և Հայաստանի միջև` նշեց, որ Ուկրաինան ավելի շատ նմանություններ ունի Լիբիայի, քան Հայաստանի հետ: Ուկրաինայի և Հայաստանի միջև նմանությունները քիչ են, տարբերությունները` շատ:

«Այնտեղ խոսքը ազգի ձևավորման մասին է, մեկ ազգային միավորման մասին: Լվովի ցանկացած բնակիչ հասկանում է, որ Լվովի մշակութային կենտրոնը Վիեննան է, այնինչ Խարկովի բնակչին դա բացատրելն անհնար է. նրանք տարբեր լեզուներով են խոսում, նրանք տարբեր կրոններ ունեն: Սա մեզ մոտ չկա: Մեզ մոտ կա իշխանության ոչ կոմպետենտություն և ընդդիմության թուլություն, ուստի Ուկրաինան ավելի է նման է Լիբիային, քան Հայաստանին»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Քաղաքագետի խոսքով` այն, ինչ այսօր տեղի ունենում է Ուկրաինայում, որևէ կապ չունի Ռուսաստանի և Եվրամիության միջև ընտրության հետ, քանի որ խոսքը վերաբերում է Ուկրաինայի գոյատևմանը: Ուկրաինան նման տեսքով պետք չէ ո’չ Ռուսաստանին, ո’չ էլ Եվրամիությանը: Այսօր խոսքը պետություն ստեղծելու մասին է: Պետություն, որը ֆունկցիոնալ կլինի:

«Ուկրաինան ապրում է հերթական ճգնաժամը: Աշխարհագրական և սոցիալական հատվածների միջև անհամաձայնություն առաջին անգամը չէ, որ Ուկրաինայում տեղի է ունենում: Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները, չհաշված որոշ տարբերություններ, նման են Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձություններին»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Անկախ

Tags: , ,