Բաքվում հարյուրավոր ուսանողներ ցույց են կազմակերպել

ուսանողների ցույց ադրբեջանումՀարյուրավոր ուսանողներ փետրվարի 20-ին Բաքվի պետական համալսարանի շենքի դիմաց բողոքի ցույց են կազմակերպել: Նրանք վանկարկել են. “Ուսանողները չպետք է վճարեն դասախոսների  աշխատավարձերը”, “Մի՛ խախտեք օրենքը, մի՛ հորինեք կեղծ կանոններ”:

Ինչպես հաղորդում է “Կոնտակտ” կայքը, համալսարանի անվտանգության աշխատակիցները ուսանողների և լրագրողների նկատմամբ կոպիտ վերաբերմունք են դրսևորել: Շատ ուսանողներ բռնի ուժով համալսարանի շենք են տարվել: Քաղաքացիական հագուստով անվտանգության աշխատակիցը ագրեսիվ վերաբերմունք է դրսևորել նույնիսկ լրագրողների նկատմամբ:

Ուսանողներին հանգստացնելու համար նրանց է մոտեցել համալսարանի ռեկտոր Աբել Մահարամովը, ում դիմավորել են սուլոցներով: Վերջինս խոստացել է վերանայել բողոքը:

Ոստիկանության աշխատակիցները ցրել են ցուցարարներին, սակայն ավելի ուշ ուսանողները հավաքվել են Գիտությունների ակադեմիայի բակում և հրաժարվել են ցրվել:

Համաձայն վերջին տվյալների՝համալսարանի ռեկտորը վաղը կհանդիպի ուսանողների հետ, ովքեր այսօր բողոքի ցույց են անցկացրել:

Հիշեցնենք, որ վերջերս Բաքվի պետական համալսարանի ռեկտոր Աբել Մահարամովը իր ֆեյսբուքյան էջում գրել է. “Այս տարվանից ուսանողները, ովքեր լուծարքներ կունենան, պետք է հավելյալ գումար վճարեն՝այլ խմբերում դասախոսություններին նորից մասնակցելու հնարավորություն ստանալու համար”: Դա նշանակում է, որ ուսանողները չեն կարողանա անվճար վերահանձնել իրենց ակադեմիական պարտքը:

Դրանից անմիջապես հետո համալսարանի ուսանողները “Ֆեյսբուք”-ում ստեղծել են մի քանի խմբեր, որոնց միջոցով կոչ են արել իրենց համակուրսեցիներին ցույցի դուրս գալ:

Tags: , ,