«Մենք ռուսական կողմին պետք է խնդրենք, որ մեր հանդեպ ավելի մեղմ տնտեսական քաղաքականություն վարի». Վազգեն Սաֆարյան

Վազգեն ՍաֆարյանՀայրենական ապրանքարտադրողների միությունը և անդամ կազմակերպությունները միանշանակ կողմ են Հայաստանի` Մաքսային Միությանն անդամացությանը, քանի որ նրանք ռուսական, բելառուսական կողմերի հետ որոշակիորեն պահպանել են իրենց հին կապերը: Հայ գործարարները հենց այդ կապերի մեջ են տեսնում իրեց բիզնեսների զարգացումը: Հայրենական արտադրողներն  սպասում էին այս պահին, երբ կմիավորվեն մեկ ընդհանուր տնտեսական միության մեջ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը` հավելելով, որ Կառավարությունը համընթաց քայլերով գնում է դեպի Մաքսային Միություն:

Վազգեն Սաֆարյանի խոսքով՝ երբ ներմուծումներն ավելանան 100 մլն դոլարով, Մաքսային Միությանն անդամությունը և տեղական ապրանքարտադրությունը  խթանելն առաջնային խնդիր են դառնում:
«Այն մտավախությունը, որ Մաքսային Միությանն անդամակցելուց հետո Հայաստանում ապրանքների գները կարող են բարձրանալ, տեղին չէ: Պետք է ասեմ, որ թանկացումները փոխհատուցվելու են մեկ այլ բանով` նոր աշախատատեղերի ստեղծմամբ: Համոզված եմ, որ Մաքսային Միության գործընթացները միանշանակ բերելու են տնտեսական քաղաքականության նոր որակների: Միաժամանակ, մենք ռուսական կողմին պետք է խնդրենք, որ մեր հանդեպ ավելի մեղմ տնտեսական քաղաքականություն վարի»,- ասաց Վազգեն Սաֆարյանը:
Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահը վստահ է, որ Հայաստանը հաջողությամբ կարող է ռուսական շուկա արտահանել տրիկոտաժ և կոշիկ:

«Ռուս գործընկերները մեզ անընդհատ հարցնում են` ո՞ւր են ձեր «Մասիս» կոշիկները: Դա նշանակում է, որ մենք մեր արտադրանքը գովազդելու կարիք անգամ չունենք»,- ասաց Վազգեն Սաֆարյանը:

Tags: ,